Գյումրիում կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը

Armenpress 13:43, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի 42-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից:

«Նախնական տվյալներով՝ մայիսի 22-ի երեկոյան 42-ամյա կնոջ և նրա ամուսնու՝ Գյումրի քաղաքի 1972թ. ծնված բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս, կնոջ բարեկամուհու ներկայությամբ, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ որովայնի և ծնոտի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տղամարդն ինքնակամ ներկայացել է իրավապահներին, ձերբակալվել, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություններ, հարցաքննություններ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ արնանման նյութի նմանվող հետքերով, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու հագին դեպքի պահին եղած հագուստները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Գյումրի քաղաքի բնակչուհու դանակահարման վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 22-ին ժամը 22:27-ին: Վայրի զննությամբ հայտնաբերվել է Գյումրի քաղաքի 1979թ. ծնված բնակչուհու դին՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժածը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է բարեկամուհու տանը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am