Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածի վերականգնման աշխատանքները կանցկացվեն շուրջօրյա ռեժիմով

Armenpress 11:00, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները այսօրվանից կամ վաղվանից շուրջօրյա աշխատանքային ռեժիմով կիրականացվեն, որպեսզի կարճ ժամանակահատվածում ամրացումն ավարտվի և երկկողմ գծով ճանապարհի երթևեկը բացվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նրա խոսքով՝ պետք է վերակառուցվեն  նաև գործող ստորգետնյա կոմունիկացիաները։ «Հեղեղատար համակարգը ամբողջությամբ կվերակառուցվի նորովի՝ այդ թվում ոռոգման խողովակը։ Հաշվարկներն այսօր կավարտվեն, վաղը վերջնականապես փոխադարձ համաձայնությամբ կքննարկվի, և կսկսվեն աշխատանքները»,-ասաց նա։

Մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում փլուզում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փլուզման մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 6:55, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ճանապարհահատվածից մոտ 22 քմ փլուզվել է, երեք արտաքին լուսավորման սյուն՝ շրջվել, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ։ Փլուզման հետևանքով տուժածներ չկան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am