Մեծ Սարիար բնակավայրում նոր անտառ է հիմնվում

Armenpress 12:46, 22 Մայիս, 2022

ԳՅՈՒՄՐԻ,  22 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրում նոր անտառ է հիմնվում: Աշխատանքներն իրականացվում են «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անտառը հըիմնվում է բնակավայրի հյուսիսային հատվածում՝ 60 հեկտար տարածքում: Նորատունկ անտառի համար 180 հազար տնկանյութ է բերվել՝ սոճի, կաղնի, խնձորենի, տանձենի, թխկի ու կեչի. Ծառատեսակներն ընտրվել են տվյալ լանդշաֆտային գոտու առանձնահատկությունը հաշվի առնելով։

«Մրգատու ծառերն ու խիտ անտառը, բացի էկոզբոսաշրջային բում ապահովելուց, կնպաստեն նաեւ կենդանական աշխարհի աննախադեպ հարստացմանը։ Վայրի խոզեր, արջեր, այլ կենդանիներ կարող են բազմանալ անտառում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանը՝ տեղեկացնելով, որ տարածքը խստորեն հսկվելու է։ 

«Կանաչ համայնք` դիմակայուն ապագա» եռամյա նախագիծը ղեկավարում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ «Ջինիշյան» հիշատակի եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների հետ: Ծրագիրը ներկայացնում է քաղաքաշինության կանաչ մոդելներ, բարձրացնում շրջակա միջավայրի պահպանության եւ կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունները Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերի 15 համայնքներում։

Արմենուհի Մխոյան   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am