ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է առաջարկել Հյուսիսային Կորեային ու Չինաստանին

Armenpress 12:33, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը, ինչպես նաև Չինաստանին առաջարկել է տրամադրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կորեայի Հանրապետության նախագահի հետ հանդիպման արդյունքներով մայրաքաղաք Սեուլում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Մենք պատվաստանյութեր ենք առաջարկել Հյուսիսային Կորեային, ինչպես նաև Չինաստանին»,- հայտարարել է Բայդենը՝ չհստակեցնելով, թե որ պատվաստանյութերի մասին է խոսքը:

Մայիսի 12-ին Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել էր երկրի տարածքում կորոնավիրուսի դեպքերի մասին: Երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը հրահանգել է լոքդաուն հայտարարել երկրի բոլոր քաղաքներում ու շրջաններում: Պաշտոնական տվյալներով՝ հաստատվել է ավելի քան 2.46 մլն դեպք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am