Թրամփը 110 հազար դոլարի տուգանք է վճարել դատարանի նկատմամբ անարգալից վերաբերմունքի համար

Armenpress 11:36, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 110 հազար ԱՄՆ դոլար տուգանք է վճարել դատարանի նկատմամբ անարգալից վերաբերմունքի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի գրասենյակի տվյալները։

Ապրիլի սկզբին Ջեյմսը հայտարարել էր, որ մտադիր է  Թրամփին պատասխանատվության ենթարկել նրան պատկանող Trump Organization-ում հնարավոր ֆինանսական խարդախության գործով: Նյու Յորքի գլխավոր դատախազը դժգոհել էր, որ Թրամփը, չնայած դատախազության պահանջին և դատարանի որոշմանը, հրաժարվել էր հետաքննության շրջանակներում տրամադրել իրենից պահանջված փաստաթղթերը։ Դատարանը Թրամփին պարտավորեցրել էր օրական 10 հազար դոլար վճարել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

Որոշումը կասեցվել էր այն բանից հետո, երբ Թրամփի պաշտպանությունը դատախազություն էր ներկայացրել պահանջված փաստաթղթերից մի քանիսը։ Այդուհանդերձ, դատարանը պարտավորեցրել էր նրան վճարել 110 հազար դոլար՝ ապրիլի վերջից կուտակված տուգանքի չափը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am