1000х90.jpg (78 KB)

Հայ բեռնափոխադրողներն ահազանգում են Լարսում հերթերի մասին. նախարարը մատնանշում է խնդրի լուծման համար տարվող աշխատանքները

Armenpress 17:33, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետ հասնելու համար հայկական բեռնատարները լուրջ խնդիրների առաջ են կանգնել, օրեր շարունակ հերթերի մեջ են նաև շուտ փչացող ապրանքները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մատնանշում է, թե իշխանությունը լուծման ինչ տարբերակներ է քննարկում, ինչ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ. քննարկվող տարբերակներից է ԵԱՏՄ բեռնատարներն առանձին հերթով անցկացնելը:   

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարորդ Մարտին Դավթյանը, ով Ռուսաստան է փոխադրում կաթնամթերք, ասաց, որ Բագրատաշենի անցակետից դուրս է եկել դեռ մայիսի 3-ին, միայն մոտ 14 օր կանգնել է Թբիլիսին շրջանցող ճանապարհին, ճանապարհային ոստիկանությունն այդ ժամանակ չի թողել, որ ոչ մի բեռնատար անցնի: Վարորդը նշեց ՝ երկու անգամ ճանապարհային ոստիկաններին մոտեցել է, ասել, որ կաթնամթերք է տանում, որը պահպանման ժամկետ ունի:

Լարսի անցակետ  հասնելու համար նման հերթ վարորդը դեռ չի հիշում: «Մենք տանջվում ենք այստեղ: Վառելիք էլ չունենք: Մեքենայի սառնարանն աշխատում է, օրը ամենաքիչը 20 լիտր սալյարկա վառվում է: Վառելիք էլ չունենք արդեն: Ուտելիքն էլ դեսից դենից թանկ գներով վաճառում են տեղացիները, գնում, ուտում ենք»,-ասաց Մարտին Դավթյանը:

Բեռնափոխադրող կազմակերպություններից մեկի աշխատակից Հովհաննես Բոյադյանն էլ ասաց՝ բեռնատարներ ունի, որոնք  մայիսի 1-ից դուրս են եկել Հայաստանից, դեռ հերթի մեջ են:  Ընդ որում, բեռնատարները տեղափոխում են փչացող ապրանքներ՝ ելակ, պղպեղ: «Ինձ թվում է՝ արդեն իսկ փչացել են»,-ասաց նա ու հարց բարձրացրեց՝ երբ ծիրանի արտահանման սեզոնը սկսվի, ինչպե՞ս է լինելու:

Ըստ բեռնափոխադրող կազմակերպության աշխատակցի՝ պլանավորել էին, որ այլ բեռնատարներ ևս պետք է Հայաստանից ճանապարհ դուրս գային, բայց դուրս չեն գալիս հերթերի պատճառով: «Վարկեր էլ ունենք, չենք կարողանում փակել: Մեքենաներ ենք վերցրել, որ չեն քշում, կանգնած են, ինչպե՞ս փակենք»,-ասաց նա:

Ըստ նրա՝ տարբեր կազմակերպություններ, որոնց բեռները բարձում են, դիմել են տարբեր կառույցների, բայց դեռ անարդյունք: Աշխատակցի խոսքով՝ ինչ-որ տեղերում նաև հերթերի խախտումներ են նկատվում:

Լարսի անցակետ հասնելու համար արդեն մոտ 20 օր ճանապարհներին հերթերում է նաև վարորդ Սահակ Պետրոսյանը: Նրա բեռնատարում պղպեղ է բարձած: Նա ևս նշեց, որ մոտ 14 օր Թբիլիսին շրջանցող ճանապարհին են կանգնած եղել, այն անցնելուց հետո փոքր շարժ կա: « Մեր դիմաց հերթ է՝ մինչև վերջ: Չգիտեմ էլ, բեռն ինչ եղած կլինի: Պղպեղ է, այդքան կարո՞ղ է դիմանալ»,-ասաց վարորդը:

Նրա խոսքով՝ իր շուրջը հայկական շատ բեռնատարներ են՝ փչացող տարբեր ապրանքներով բարձված, իրենց դեռևս ոչ ոք չի մոտեցել:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ է խնդրին, վստահեցնում է՝ ամեն ինչ անում են, որ այն օր առաջ լուծվի:

Թե ինչու է այս իրավիճակը ստեղծվել, նախարարը բացատրում է. «Ստեղծված նոր իրավիճակի պատճառով բազմաթիվ բեռնափոխադրումներ փոխել են իրենց տարանցման ուղին և անցնում են Լարսով: Դրա պատճառով Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը կտրուկ աճել է»:

Քերոբյանը վստահ է՝ խնդիրը պահանջում է ֆունդամենտալ լուծում, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում ամեն տարի մի քանի անգամ Վերին Լարսի մոտ հերթերի հարցը սրվում է: «Լուծման առաջին մասին մենք արդեն ձեռնամուխ եղել ենք: Եվ հունիսից արդեն կսկսվի կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը, որը էապես  կազատի մեր բեռներին այս երկար հերթերից»,-ասաց նախարարը:

Քերոբյանը հայտնեց, որ 2 շաբաթ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով կարգադրվում է հարավային բոլոր անցակետերի թողունակությունն ավելացնել: «Մենք հիմա մեր ռուս գործընկերների հետ անընդհատ կապի, աշխատանքի մեջ ենք, որպեսզի թողունակությունն իսկապես ռեալ կյանքում ավելացնենք»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը հույս հայտնեց, որ այդ հարցի լուծումը կտրվի մոտակա 1-2 շաբաթվա ընթացքում, և Լարսի անցակետում օրական կտրվածքով ավելի շատ մեքենաներ բաց կթողնվեն: «Հայկական և իրանական բեռնատարները, որ Հայաստանի միջոցով են տարանցվում, ըստ էության ԵԱՏՄ ապրանք են տեղափոխում, և մաքսազերծման որևիցե գործընթաց անելու կարիք չկա: Բայց այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ այդ մեքենաները կանգնում են 20 օր, 25 օր: Խնդիրը նրանում է, որ նրանք պարտավոր են նույն հերթը կանգնել, ինչ օրինակ թուրքական մեքենաները, Եվրոպայից եկող մեքենաները, կենտրոնասիական մեքենաները, որոնք Վերին Լարսում պետք է մաքսազերծում անցնեն: Հիմա մեր կարծիքով և առաջարկով՝ այն մեքենաները, որոնք ԵԱՏՄ ապրանք են պարունակում, պետք է առանց հերթ կանգնելու, արագացված ընթացակարգով անցնեն: Մեր աշխատանքն ուղղված է նրան, որ մենք առանձին հերթով գնանք, որովհետև մեր բեռնատարների գործընթացը 1-2 րոպե տևող գործընթաց է, ոչ թե ժամեր տևող»,-ասաց Քերոբյանը:

Նա վստահեցրեց՝ Էկոնոմիկայի նախարարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամեն ինչ անում են, որ օր առաջ այդ հարցը լուծվի:

«Մեր աշխատանքը ուղղված է նրան, որ կարողանանք մեր մեքենաների համար առանձին միջանցք ստեղծել, ու այդ միջանցքով և արագ ձևակերպում անելով՝ կարողանանք ինչքան հնարավոր է շատ մեքենա ուղարկել ՌԴ, և շատ գան Հայաստան»-նշեց նախարարը:

Քերոբյանի վստահեցմամբ՝ նաև աշխատում են  արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանն ապրանք վաճառի բազմաթիվ երկրների:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյանը նշել էր, որ բեռնատարները, որոնց թվում են նաև հայկական բեռնատարներ, կանգնած են Վերին Լարսի անցակետից մինչև 100 կմ և ավելի հեռավորության վրա տարբեր ճանապարհներին, հերթերը հետզհետե նվազում են: Այն մեքենաները, որոնք կանգնած են Լարսի հարակից տարածքում, և հայտնի է, թե ինչ բեռ են տեղափոխում, նրանց հետ կապված իրենք դիմել են մաքսայինի ղեկավարությանը, որպեսզի աջակցեն, որ հնարավորինս արագ ձևակերպվեն:

Աննա Գրիգորյան

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am