1000х90.jpg (78 KB)

Նաուսեդան կաջակցի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պահպանմանը

Armenpress 13:28, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ զրույցում խոստացել է ամեն կերպ աջակցել՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանմանը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հանդիպումից հետո նախագահները լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ՝ ամփոփելով իրենց քննարկման արդյունքները:

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված հարաբերությունների շարունակականության, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն առավել ընդհանուր ընդլայնելու վճռականության մասին:

Նախագահները հանդիպմանը հանգամանալից քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ:

«Վերահաստատվեց միջպետական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը: Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին: Այդ համատեքստում քննարկվեցին արդյունաբերության, ՏՏ-ի, վերականգնողական էներգիայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները»,- ասաց Խաչատուրյանը:

Նախագահները քննարկել են նաև տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը: «Լիտվայի և Հայաստանի ջանքերն այս հարցում նույնական են: Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող  հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Նախագահ Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը»,-ասաց ՀՀ նախագահը:

Այս համատեքստում կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության այցը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Նախագահները քննարկմանն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am