1000х90.jpg (78 KB)

Արցախի տեխնոդպրոցից մինչև լաբորատորիաներ ու խաղահրապարակներ. ընդլայնվում է «ռեԱրմենիա» հարթակի աջակիցների թիմը

Armenpress 09:57, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 6 ամիս գործող «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի աջակիցների թիմն ընդլայնվում է: 2000-ից ավել աջակից արդեն միացել է՝ ձևավորելով կայուն և ուժեղ համայնք «ռեԱրմենիա»-ի շուրջ: Տեխնոլոգիական լուծումներ առաջարկող այս հարթակի օգնությամբ կյանքի կոչվելու  հնարավորություն են ստանում բազմապիսի ծրագրեր ամենատարբեր ոլորտներից: Մասնավորապես, Արցախի «Մունք» տեխնոդպրոցի ծրագիրը, որի համար հավաքվել է 70 միլիոն ՀՀ դրամ ու այս ամռանն այն իր դռներն է բացելու Արցախում ապրող հարյուրավոր երեխաների համար։ Սյունիքի 5 գյուղերի դպրոցներում կհայտնվեն բնագիտական առարկաների լաբորատորիաներ, պատերազմի մասնակից տասնյակ մեր հայրենակիցներ ստանում են վերաորակավորման դասընթացներ և այլն: «ռեԱրմենիա» հարթակի ծրագրերի, առաջիկա անելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է «ռեԱրմենիա» հոգաբարձումների խորհրդի անդամ, «ՄերակիՓալ» ընկերության տնօրեն Արմինե Մկրտչյանի, «ռեԱրմենիա» հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանի հետ:

-Խնդրում եմ ներկայացրեք, թե ինչպես ծնվեց «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի ստեղծման գաղափարը: Ինչի՞ց ելնելով մտածեցիք, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն կա:

Արմինե Մկրտչյան. Հարթակը ստեղծելու գաղափարն եկել է պատերազմից անմիջապես հետո։ Մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ գործողությունների մեջ էր ներգրավված պատերազմի ժամանակ, և բոլորս էլ բախվել էինք այն խնդրի հետ, որ նույն բանն արվում էր տարբեր խմբերի կողմից և չկար համագործակցություն։ Հնարավորությունը բաշխվում էր փոքր բաժինների ու ստացվում այնպես, որ մի մարդը կարողանում էր օգտվել բազում օգնություններից, մյուսին առհասարակ հասանելի չէր աջակցության որևէ դրսևորում, և այսպես՝ գրեթե բոլոր ոլորտներում։ Արդյունքում՝ հասկացանք, որ անհրաժեշտ է ստեղծել վայր, որտեղ մարդիկ կկարողանան բարձրաձայնել իրենց տեսած խնդիրները և գտնել համակիրներ, ում օգնությամբ հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները։

-Ո՞րն է «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի գլխավոր առաքելությունը:

Արտակ Գրիգորյան. «ռեԱրմենիա» հարթակի ստեղծման նպատակը մեկն է՝ միավորել հայերին, Հայաստանում ձևավորել համայնք, որը կլինի հոգատար ու համագործակցող, կձգտի արդար ու ծաղկող երկիր ստեղծել։ «ռեԱրմենիա» հարթակը տեխնոլոգիական լուծումներ առաջարկող միջոց է, որը թույլ է տալիս արդյունավետ համագործակցությամբ նախագծեր իրականացնել։

-Ովքե՞ր են կանգնած «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի ստեղծման հիմքում։

Արմինե Մկրտչյան. «ռեԱրմենիա» հարթակի ստեղծման հիմքում կանգնած են համայնքներ։ Գաղափարն եկել է Ջեյմս Թուֆենկյանից, միավորվել են Tufenkian Foundation-ը, TCF-ը, Global AM-ը, Techնոտուն-ը, Backbone-ը ու MerakiPal ընկերությունները։ Այս թիմերը հանդես են եկել որպես նախաձեռնող խումբ, սակայն այս մեկ տարվա ընթացքում այնքան են մեծացել համայնքն ու «ռեԱրմենիա»-ում ներգրավված թիմերի քանակը, որ արդեն էական չէ, թե ով է հիմքում կանգնած եղել մեկ տարի առաջ:

-Արդեն վեց ամիս է հարթակն ակտիվորեն գործում է՝ աշխատելով տարբեր ուղղություններով: Ասացեք խնդրեմ, այս կարճ ժամանակահատվածում ի՞նչ արդյունքներ եք գրանցել: Քանի՞ ծրագրեր եք իրականցրել, ի՞նչ ուղղություններով:

Արտակ Գրիգորյան. Այս պահի դրությամբ արդեն 37 նախագիծ է հայտնվել հարթակում. 20 նախագծի համար դրամահավաք է կազմակերպվել, ևս 17 նախագիծ այլ տեսակի աջակցություն են փնտրում՝ գրքերից մինչև գիտելիքների, փորձի կամ կապերի փոխանակում։ Ընդհանուր առմամբ՝ «ռեԱրմենիա» հարթակում հայտված նախագծերը հավաքել են մոտ 520 000 ԱՄՆ դոլար։ Թեև բավականաչափ ժամանակ չի անցել արդյունքներն ամփոփելու համար, այնուամենայնիվ, մենք կարող ենք որոշակի հետաքրքիր օրինակների մասին խոսել։ «ռեԱրմենիա» համայնքի  շնորհիվ իրականացվել է Հայաստանի պատմության մեջ ամենամեծ քրաուդֆանդինգներից մեկը՝ Արցախի «Մունք» տեխնոդպրոցը, որը հավաքել է 70 միլիոն ՀՀ դրամ ու այս ամռանն իր դռներն է բացելու Արցախում ապրող հարյուրավոր երեխաների համար։ Դաշնամուր նվագելու մասին վերջին 30 տարիների ընթացքում հայերեն առաջին գիրքն է հրատարակվել, Վաղուհաս գյուղում ուսուցչի կողմից կազմակերպված դրամահավաքի շնորհիվ առաջին անգամ խաղահրապարակ է կառուցվել, Սյունիքի 5 գյուղերի դպրոցներում կհայտնվեն բնագիտական առարկաների լաբորատորիաներ, պատերազմի մասնակից տասնյակ մեր հայրենակիցներ ստանում են վերաորակավորման դասընթացներ, մարզերի տասնյակ աշակերտներ համակարգիչներ են ստացել...այս ցանկը կարելի է շարունակել դեռ երկար։

Կարևոր արդյունքներից մեկն այն է, որ նշված գործընթացում 2000-ից ավել աջակից է միացել՝ ձևավորելով կայուն և ուժեղ համայնք «ռեԱրմենիա»-ի շուրջ։ Կցանկանայի նշել, որ բոլոր դրամահավաքների ամսական հաշվետվությունները ներկայացվում են թե դոնորներին, թե «ռեԱրմենիա»-ի համայնքի այլ անդամներին՝ թարմացումները և հաշվետվությունները կայքում տեղադրելով։

-Ովքե՞ր կարող են «ռեԱրմենիա» հարթակում իրենց նախագծերը ներկայացնել, ակնկալել հարթակի աջակցությունը: Ինչի՞ց պետք է սկսել:

Արտակ Գրիգորյան. Լավ հարց է։ Ըստ էության ցանկացած կազմակերպություն կամ 18 տարին լրացած անհատ կարող է ներկայացնել նախագիծ «ռեԱրմենիա» հարթակում։ Եթե խոսքը վերաբերում է դրամահավաքներին, ապա Հայաստանում այդ խնդիրը լուծելու ունակ թիմ ու լավ պլանավորված ու փաստաթղթավորված նախագիծ ունենալը պարտադիր է։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե թիմը ինչ ակնկալիքներ ու նպատակներ ունի «ռեԱրմենիա» դիմելիս, քանի որ «ռեԱրմենիա»-ն գրանտային ֆինանսավորում կամ նախագծերի համար դրամահավաքներ չի կազմակերպում, այլև տրամադրում է հարթակ՝ տեխնոլոգիական գործիքներով դրամահավաքներ կազմակերպելու համար։ Ուստի թիմերը կամ անհատները դիմելիս պետք է հաշվի առնեն այս հանգամանքը և լավ պատրաստվեն դրամահավաքի արշավը կազմակերպելուն։

-Հարթակն ունի ձևավորված Հոգաբարձուների խորհուրդ: Նախագծերը հայտնվում են հարթակում Հոգաբարձուների խորհրդի վերջնական հաստատումից հետո: Ի՞նչ սկզբունքով են ընտրվում նախագծերը:

Արմինե Մկրտչյան. Բացի հոգաբարձուների խորհրդից, հարթակն ունի նաև ոլորտային խորհրդատվական խմբեր, որոնք էլ հենց պատասխանատու են նախագծերի գնահատման համար։ Երբ նախագիծը դիմում է «ռեԱրմենիա», մի քանի ուղղությամբ մանրակրկիտ զննում է անցնում։ Նախ, նախագիծը ստուգվում է վստահության և ապահովության բաժնի կողմից, որն այն զննում է ֆինանսական և իրավաբանական տեսանկյունից։ Այնուհետև նախագիծն անցնում է ոլորտային խորհրդատվական խումբ, որտեղ գնահատվում է ըստ երեք չափանիշների՝ արդյո՞ք նշված խնդիրն առկա է, արդյո՞ք նշված լուծումը լավն է, և արդյո՞ք թիմը կարող է այն իրականացնել։ Այնուհետև պատրաստվում է նախագծի արշավային էջն ու այն հայտնվում է հարթակում։

Կա՞ն արդյոք ոլորտներ, որոնց նախագծերն առաջնահերթություններ են:

Արմինե Մկրտչյան. Որպես այդպիսին, առաջնային ոլորտներ չկան, փոխարենը կան ոլորտներ, որոնք բացառված են հարթակի տեսակետից։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է ռազմական նախագծերին։ Քանի որ «ռեԱրմենիա»-ի համար կարևորագույն խնդիր է նախագծերի բացարձակ թափանցիկությունն ապահովելը, իսկ դա հնարավոր չէ ռազմական նախագծերում, նման նախագծեր չեն կարող մտնել հարթակ։ Նաև բացառվում են նախագծեր, որոնք քաղաքականության, կրոնի կամ այլ նմանատիպ ոլորտներում են։

-Այս ժամանակահատվածում աշխատելու ընթացում ի՞նչ բացեր եք վերհանել՝ կապված ամենատարբեր ոլորտների հետ, որ կուզեիք բարձրաձայնել: Միգուցե մասնագետների կամ որակյալ կրթական, վերապատրաստման ծրագրերի  պակաս, միգուցե համապատասխան գերատեսչությունների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացում…

Արտակ Գրիգորյան. Երևի վերջից սկսենք. ընդհանուր առմամբ տարբեր պետական գերատեսչությունների հետ համատեղ քիչ աշխատանք է տարվում, իսկ այն ոլորտներում, որտեղ առնչվում ենք, հիմնականում հաջողվում է համագործակցել։ Վերջերս համագործակցության հուշագիր ենք ստորագրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, իսկ մինչ այդ՝ հուշարձանների պահպանության ոլորտում Պատմամշակութային ժառանգության պահպանության գիտահետազոտական կենտրոնի հետ։

Ինչ վերաբերում է բացերին, ապա, իհարկե, դեռ շատ գործ ունենք անելու, և եթե բացեր չլինեին, «ռեԱրմենիա» հարթակի ստեղծումը ևս իմաստազուրկ կլիներ։ Հիմնականում, ինչպես նշեցիք, տարբեր ոլորտներում մասնագետների պակաս կա, հատկապես նախագծերի կառավարման ուղղությամբ։ Արդյունքում՝ տեսնում ենք ազդեցիկ ու լավ պլանավորված նախագծերի պակաս և առանց համապատասխան տվյալների կայացած սխալ որոշումներ ու ձախողված նախագծեր։ Գուցե տրիվիալ հնչի, բայց ամենամեծ խնդիրներից մեկը արդյունավետ համագործակցության գրեթե լիովին բացակայությունն է, ինչը հանգեցնում է տարբեր խնդիրների բազում ոլորտներում։

-Որո՞նք են լինելու «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի առաջնահերթություններն ապագայում: Կա՞ն արդյոք հստակեցված առաջիկա ծրագրեր:

Արմինե Մկրտչյան.Այսօր մեր աշխատանքներն ուղղված են հոգատար և համագործակցող համայնք ձևավորելուն, քանի որ միայն միավորվելով է հնարավոր լուծել այսօրվա աշխարհի մարտահրավերները։

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am