1000х90.jpg (78 KB)

Ճարտարապետությունից միջուկային ֆիզիկա… «մեկ քայլ» է. Յուրի Հովհաննիսյանը պատահականություն է համարում ֆիզիկայի աշխարհում հայտնվելը

Armenpress 09:47, 19 Մայիս, 2022

Երազում էր դառնալ ճարտարապետ, սակայն այսօր աշխարհը ճանաչում է նրան որպես Մենդելեեւի պարբերական աղյուսակը նոր՝ 118-րդ քիմիական տարրով՝ Օganesson (Og), համալրող գիտնական ֆիզիկոսի:

Անվանի ֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահ» նախագծի շրջանակներում ասաց, որ ի սկզբանե նախանշված չի եղել իր ճանապարհը գիտության, ֆիզիկայի ուղղությամբ. նա բոլորովին այլ ծրագրեր ուներ, երազում էր ճարտարապետության ոլորտում իր տեղը գտնելու մասին, սակայն շատ պատահաբար, հանգամանքների բերումով կյանքի ուղին նրան տարավ դեպի միջուկային ֆիզիկա։

Դեռեւս պատանի ժամանակ նա իր առաջին փորձն է ձեռք բերել ճարտարապետության ոլորտում։ Հայրը՝ Ցոլակ Հովհաննիսյանը, աշխատում էր Երեւանի քաղխորհրդում, ջեռուցման գծով գլխավոր ինժեներն էր։ Հովհաննիսյանը հիշում է, որ երբ 14 տարեկան էր, օպերայի շենքը կառուցելիս օգնել է հորը ջեռուցման համակարգը տեղադրելու աշխատանքներում։ Այդ ժամանակ անհրաժեշտ է եղել պատրաստել օպերայի շենքի գծագիրը որոշակի կտրվածքով: «Դա բավական թանկ գծագիր էր, որովհետեւ պետք էր օպերայի շենքը կիսել եւ բոլոր հարկերը կալկայի վրա ներկայացնել կողքից։ Ես կատարեցի այդ աշխատանքը։ Արդյունքից գոհ էի»,- հիշում է նա։ Հոր շրջապատում հետաքրքիր մարդիկ շատ կային, նրանցից մեկը երիտասարդ հույն ճարտարապետ Յուրի Յարալովն էր, որը տեսնելով պատանի Յուրիի աշխատանքների ալբոմները՝ ցանկություն է հայտնել պարապել վերջինիս հետ։ Այդպիսով՝ մասնագիտական կողմնորոշման ժամանակ բավականաչափ պատրաստված է եղել ճարտարապետության համար։

Սակայն նրան այլ բան էր վիճակված։ Այդ ժամանակ մոդայիկ էր միջուկային ֆիզիկան, եւ դասարանի բոլոր լավ սովորող աշակերտների հետ գնացել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի ֆիզիկայի բաժին ընդունվելու համար քննություններ հանձնելու։ Հովհաննիսյանը «Ոսկե մեդալ» է ունեցել եւ կարող էր առանց քննության ընդունվել ցանկացած բուհ, սակայն ֆիզիկայի բաժին ընդունվելու համար պետք էր քննություն հանձնել։ Քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո դիմել է նաեւ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ, այնտեղ նույնպես երկու առարկայից՝ գեղանկարչություն եւ գծագրություն, պետք էր պարտադիր քննություն հանձնել։ «Երբ փաստաթղթերս տվեցի, հարցրեցին, թե որտեղից եմ, նաեւ հետաքրքրվեցին, թե ինչու Երեւանում չեմ հանձնել քննությունները, արդյոք վախեցե՞լ եմ։ Այդ ժամանակ Երեւանի ճարտարապետական բաժին ընդունվելն ավելի դժվար էր, քան Մոսկվայինը»,- պատմում է Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ քննություններում եւս ամենաբարձր գնահատականներն է ստացել։ Երբ վերադարձել է ինժեներաֆիզիկական ինստիտուտ՝ փաստաթղթերը վերցնելու եւ ճարտարապետական տանելու համար, այլեւս ետդարձի ճանապարհ չի լինում. անձնական գործն ուղարկվել էր անվտանգության բաժին, քանի որ պատահական մարդկանց չէին ընդունում ֆիզիկայի բաժին։

Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին, Դոնի Ռոստովում: Սովորել է Երեւանի Ձերժինսկու անվան դպրոցում, 1951 թ. ընդունվել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտ: Ուսանելու տարիներին մեծ ակտիվություն է ցուցաբերել ուսանողական գիտական խորհրդում, զբաղվել նոր սինխրոտրոնի մշակմամբ: 1956 թ. Յուրի Հովհաննիսյանը գերազանց առաջադիմությամբ ավարտելով ԲՈՒՀը՝ աշխատանքի է անցել ԽՍՀՄ միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ք. Դուբնա)։ Հովհաննիսյանը հիշում է առաջին հանդիպումն իր գիտական ղեկավարի՝ խորհրդային ֆիզիկոս, նորարար Գեորգի Ֆլյորովի հետ։ Խոսել են ոչ թե ֆիզիկայից, գիտությունից, այլ արվեստից, գրականությունից, գեղանկարչությունից, թատրոնից, սպորտից, իսկ հանդիպման վերջում Ֆլյորովն ասել է, որ հարմար թեկնածու է։ Երիտասարդ գիտնականը զարմացել է, թե ինչով է հարմար, եթե որեւէ մասնագիտական հարց չի տվել։ Այդպիսով՝ 1956-ից նրանք միասին աշխատել են 34 տարի, մինչեւ 1990 թ.։ Ֆլյորովը գնահատել է իր աշակերտի մեջ հատկապես ստեղծագործ էներգիան, նպատակասլացությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը եւ հենց սկզբից էլ նրան վստահել է ամենադժվար խնդիրները: Հովհաննիսյանի խոսքով՝ իր բախտն էլ բերել է՝ աշխատելով զգացմունքային, խելացի, պրոֆեսիոնալ մարդու հետ, որին նայելով՝ շատ բաներ է սովորել։ 1969 թ., 36 տարեկանում նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն ֆիզիկայի տրոհումների թեմայով: 1971 թ. Յուրի Հովհաննիսյանը ղեկավարել է ծանր միջուկների հետազոտման ֆիզիկական բաժինը, 1976 թ. դարձել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, 1989-ից՝ միջուկային ռեակցիաների լաբորատորիայի տնօրեն: 1975 թ. Յու. Հովհաննիսյանը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ԽՍՀՄ ԳԱ Կուրչատովի, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Ֆլյորովի մահից հետո դարձել է միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարը։

Յուրի Հովհաննիսյանի աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային եւ արագացուցչային տեխնիկային։ Ավելի քան 60 տարի նրա գիտական գործունեությունը կապված է Դուբնայի (ՌԴ) միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ: Այդտեղ նրա ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Յուրի Հովհաննիսյանը նոր տարրերի (112-118 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված երկու տասնյակից ավելի հայտնագործությունների հեղինակ եւ համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները եւ հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։ Ի դեպ՝ 2017 թ. դեկտեմբերի 28-ին «Հայփոստը» շրջանառության մեջ է դրել Յուրի Հովհաննիսյանին նվիրված նամականիշ, իսկ 2018-ին ՀՀ-ում մարվել է ֆիզիկոսին նվիրված հատուկ ծրար (ֆիլատելիստական արտադրանք), որի վրա պատկերված է 2006 թ. Յուրի Հովհաննիսյանի կողմից հայտնաբերված՝ Մենդելեեւի պարբերական աղյուսակը համալրող 118-րդ քիմիական տարրը՝ Օganesson (Og)-ը:

Հայ գիտնականի կազմակերպչական ջիղը հիացրել եւ օրինակելի է եղել շատ ինստիտուտների ղեկավարների համար: Հովհաննիսյանը հիշում է, որ 1990-ականները ծանր տարիներ էին գիտնականների համար։ Երբ շատերը լքում էին գիտության ոլորտը, նա հետեւյալ միտքն է արտահայտել. «Այո՛, կարելի է լալ եւ սգալ, փնտրել հարգելի եւ օբյեկտիվ պատճառներ` արդարացնելու սեփական ապիկարությունը: Պետք է փնտրել դժվար իրավիճակից ելքեր, հայթայթել ֆինանսավորման նոր աղբյուրներ, առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ գտնել նոր որոշումներ»:

Հայաստանի հետ կապն անքակտելի է

Մեծանուն գիտնականն ամբողջ կյանքի ընթացքում սերտորեն կապված է եղել մայր հայրենիքի հետ։ «Կինս հայ է, Երեւանից։ Իրինա Մարտիրոսյանը ջութակահար է, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ Եթե այսօր հայերեն եմ խոսում, թեկուզ վատ, դա կնոջս շնորհիվ է։ Իմ բոլոր ընկերները, որոնք գնացել են Ռուսաստան, արդեն հայերեն չեն խոսում։ Տանը հայերեն ենք շփվում։ Երկու աղջիկ ունեմ, իմ երեխաները, դժբախտաբար, Ռուսաստանում են ծնվել։ Ցավոք, հայերեն չեն խոսում, բայց մայրը երբ խրատներ է տալիս, միշտ հայերեն է արտահայտվում, այդ խոսքերը նրանք շատ լավ են հասկանում»,- կատակում է նա։

Հովհաննիսյանն ամուր կապված է Հայաստանին նաեւ գիտական ոլորտում, մինչեւ օրս ակտիվորեն համագործակցում է գիտական կառույցների շրջանակներում: Նրա շնորհիվ Հայաստանի ֆիզիկոսները կապված են Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, որն աշխարհում լավագույններից է: Հովհաննիսյանը մեծ ավանդ ունի նաեւ Հայաստանում միջուկային ֆիզիկայի մասնագետների մի քանի սերունդների կայացման գործում: Դուբնայի միջազգային ինստիտուտը համագործակցում է շուրջ երկու տասնյակ երկրների հետ, որոնցից մեկը Հայաստանն է։ Համագործակցությունը տարածվում է այնպիսի կառույցների վրա, ինչպիսիք են գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի պետական համալսարանը, Ֆիզիկայի ինստիտուտը։ «Մենք զբաղվում ենք ոչ միայն ֆիզիկայով, այլեւ կենսաբանությամբ, քիմիայով, ռադիոկենսաբանությամբ, այսինքն՝ համագործակցության շրջանակը բավականին լայն է»,- ասաց նա։ Այս անգամ Հայաստան այցելելիս երկրի ղեկավարությանն են ներկայացրել մի շարք ուղղություններ, որոնց մասով ցանկանում են աշխատանքներ իրականացնել։

Դրանցից մեկը ԵՊՀ-ում համակարգչային կենտրոնի բացումն է, այն կկապվի Դուբնայի համակարգչային կենտրոնի հետ, իսկ դա էլ հնարավորություն կտա հայաստանյան մասնագետներին եւ ուսանողներին՝ մուտք ունենալ աշխարհի գիտական այլ կենտրոններ։ Երկրորդը՝ թագավարակի տարածումը կանխելու նպատակով գերբարակ մեմբրանի ստեղծումն է, որը կպաշտպանի մարդկանց վիրուսից։ «Մեր աշխատանքներում պետք են նաեւ կենսաբաններ, իսկ Հայաստանի կենսաբաններն ուժեղ մասնագետներ են։ Այդպես է եղել դեռեւս խորհրդային տարիներից»,- ընդգծեց նա։ Երրորդ ուղղությունը երկրաշարժերն են։ Դուբնայում ստեղծվել է հետաքրքիր սարք, որը հազար անգամ ավելի զգայուն է, քան երկրաշարժը գրանցող ամենաուժեղ սարքերը։ Այդ սարքը կոչվում է ինկլինոմետր՝ «լազերային թեքաչափ»։ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դրանցից մի քանիսը տեղադրված է Հայաստանում, մասնավորապես՝ 2018 թ. մեկ օրինակ տեղադրվել է Գառնիի երկրաֆիզիկական աստղադիտարանի թունելում։ «Դրանք բավական թանկ սարքեր են, հետագայում տեխնոլոգիան կարելի է զարգացնել, բայց հիմա մեր առաջնային խնդիրն է տեսնել՝ արդյոք ամեն ինչ ստացվո՞ւմ է, թե՞ ոչ։ Նման հետազոտությունների համար Հայաստանը հարմար է նրանով, որ ինֆորմացիան հեշտ է մեկտեղել երկրի կոմպակտ լինելու շնորհիվ»,- նշեց գիտնականը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am