Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Եվրամիությունը քննարկել են բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Armenpress 17:41, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը մայիսի 18-ին ընդունել է Կիպրոսի Եվրոպական համալսարանի, Մոնտենեգրոյի ներքին գործերի նախարարության՝ Փրկարարության և պաշտպանության վարչության, Կիպրոսի բնակչության պաշտպանության ծառայության, Հելլենական հրշեջ ծառայության ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արմեն Գասպարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, մաղթել աշխատանքային խմբին արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակչության պաշտպանության ոլորտում նախարարության համագործակցությունը Եվրամիության հետ:

2023 թվականին ՀՀ-ում նախատեսված է անցկացնել դաշտային վարժանք «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի պլանավորման և իրականացման գործընթացին մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը: Ծրագրի համաղեկավար է հանդիսանում Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչ Եվանգելոս Կատսարոսը:

Ճանաչողական այցի ընթացքում անդրադարձ է կատարվել վարժանքի նախապատրաստական աշխատանքներին, պլանավորվել են առաջիկա հանդիպումները:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am