1000х90.jpg (78 KB)

Արտակարգ պայմաններում աշխատանքի վրա բացասական է ազդում սփյուռքահայերի մոտ ժամկետանց փաստաթղթերի առկայությունը

Armenpress 16:42, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայից դուրս եկող հայերի հետ աշխատանքի արդյունքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն ու Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը վերհանել են բազմաթիվ հայրենակիցների ժամկետանց փաստաթղթերի խնդիրը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը տեղեկացրեց, որ շատերը ունեն տասնյակ տարիներով ժամկետանց փաստաթղթեր, ինչը դժվարացնում էր Հայրենիք վերադառնալու գործընթացը:  

«Մենք ակտիվորեն աշխատել ենք Կիևում մեր դեսպանության, Օդեսայում մեր հյուպատոսության, Խարկովում մեր պատվավոր հյուպատոսության հետ: Ուկրաինայում հայ համայնքը բավական մեծ է, խնդիրները բավականաչափ շատ են: Մեր հայրենակիցների հետ աշխատանքում որոշ հարցերի հետ կապված հաջողել ենք, որոշ հարցերում չենք կարողացել շատ ավելի դինամիկ, ժամանակին որոշ խնդիրներ լուծել: Մի տարօրինակ դենդենցի եմ ուզում անդրադառնալ և իմ կոչն Սփյուռքի մեր հայրենակիցներին: Հարգելի հայրենակիցներ 15, 20 տարով ձեր չթարմացրած, չփոխած փաստաթղթերով խնդիրներ ենք ունենում այսպիսի արտակարգ իրավիճակներում: Խնդրում եմ, ժամանակ հատկացնել փաստաթղթերը փոխել, որպեսզի նման ճգնաժամային իրավիճակներում կուտակումներ չառաջանան դիվանագիտական ներկայացուցչություններում: Ի վերջո, չեն կարող մեր հայրենակիցները այդպես, առանց փաստաթղթի ապրել Ուկրաինայում, ՌԴ-ում կամ այլ երկրներում: Նման խնդիրն այսպիսի արտակարգ պայմաններում ծանրաբեռնում է, ազդում է աշխատանքի որակի վրա»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ այս իմաստով բախվել են տարատեսակ խնդիրների, սակայն Ուկրաինայի սահմանը հատելու հետ կապված փաստաթղթի առկայությունը կամ դրա բացակայությունը որևէ խոչընդոտ չի եղել, որովհետև ԵՄ տարածք մուտք գործելու համար չէր պահանջվում ոչ կորոնավիրուսի թեստի հանձնում, ոչ վիզայի, ոչ պատշաճ փաստաթղթի առկայություն, սակայն ոչ պատշաճ փաստաթղթերը խնդիր են հետագա աշխատանքները կազմակերպելու Հայրենիք վերադառնալու իմաստով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am