1000х90.jpg (78 KB)

Փարաջանովի թանգարանը անիմացիոն ֆիլմով և այլ նախաձեռնություններով կփորձի կենդանացնել ցուցանմուշները

Armenpress 16:37, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի թանգարանը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում մայիսի 21-ին և առաջիկա ամիսներին հանդես կգա հետաքրքիր նախաձեռնություններով:

«Արմենպրես»-ը հաղորդմամբ՝ մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը տեղեկացրեց՝ մայիսի 21-ին 11:00-23:59-ը բաց կլինի «Մշակութային դրսևորումները Ս. Փարաջանովի թանգարանում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում այցելուներն իրենք պետք է վերնագրեն լուսանկարները, իսկ 3 լավագույն վերնագրերի հեղինակները կարժանանան մրցանակների:

«Թանգարանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի մշակութային կյանքին, և մեզ համար կարևոր է, որ թանգարանի յուրաքանչյուր առարկա կենդանանա: Այդ գաղափարը ծնվեց, երբ պատրաստում էինք այս ցուցահանդեսը:  Տարվա սկզբին մեր թանգարանում ներդրվել է վիդեոինստալացիա ծրագիրը, որը բաղկացած է 4 հետաքրքիր աշխատանքներից, որոնք Սերգեյ Փարաջանովն ստեղծել է բանտում: Ձեռքբերում եմ համարում թանգարանային առարկաների միջոցով «Կարմեն» անիմացիոն ֆիլմի ստեղծումը, որի միջոցով պարզ է դառնում, թե ինչպես էր Փարաջանովը պատկերացնում Կարմենի ու Խոսեի հանդիպումը»,-պատմեց նա ու հավելեց՝ հունիսի ութին պատրաստվում են Փարաջանովի սպասքի ցուցադրությունը կազմակերպել:

Մայիսի 25-ին կներկայացնեն «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը; Այն իրականացնում են ռեժիսոր Վահան Բադալյանի հետ: 2018 թվականին հանրության շրջանում մեծ ճանաչում ձեռք բերած այս նախագիծը, համագործակցելով Երևանի վեց թանգարանների հետ, հարստացրել է Երևանի թանգարանային մշակույթն իր նորարարական լուծումներով և ստեղծարարությամբ: Նախագծի հեղինակ և ղեկավար Վահան Բադալյանն այս տարի շարունակում է Երևանի և Գյումրու մի քանի այլ թանգարանների հետ այս համագործակցությունը, որը կրկին ուղղված է լինելու թանգարանների հարուստ հավաքածուների հանրահռչակմանն ու արժևորմանը հանրության շրջանում: Նախագծի երկրորդ ներկայացում-ինստալյացիան տեղի կունենա Փարաջանովի թանգարանի տարածքում՝ ընդգրկելով թանգարանի շենքի բակային հատվածը, ինչպես նաև թանգարանի ցուցասրահները, որոնցում կվերստեղծվեն ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմից տեսարաններ:

Ներկայացում-ինստալյացիան կուղեկցվի ձայնային էֆեկտներով, որոնք ներշնչված են համանուն ֆիլմից: Կենդանություն ստացած կադրերն առավելագույնս կվերարտադրեն Փարաջանովի կերտած կերպարներն ու իր ստեղծագործական ոգին: Սիրով սպասում ենք բոլորին Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Միջոցառման մուտքն ազատ է:

Անահիտ Միքայելյանը շեշտեց՝ ամռանը թանգարանում նաև թատերական ներկայացումներ կպատրաստվեն: Արվեստասերների դատին կհանձնեն «Անիրական կյանքը» բեմադրությունը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am