Արցախի 159 քաղաքացի սխալմամբ ներառվել է շահառուների ցանկում և ստացել հատկացվող 300.000 դրամի աջակցությունը

Armenpress 11:05, 18 Մայիս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների 300.000 դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 գումար:

«Արմենպրես»-ին Արցախի Հանրապետության դատախազությունից տեղեկացրին, որ միջոցառման իրագործման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել էին քրեական գործեր:

Հիշյալ գործերով իրականացված նախաքննության ներկա փուլում ձեռք բերված ապացուցողական տվյալներով հիմնավորվել է, որ ընդհանուր Արցախի 159 քաղաքացի, չունենալով ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ սահմանված աջակցությունը ստանալու իրավունք, նշված որոշման սխալ մեկնաբանման ու կիրառման հետևանքով ներառվել էր շահառուների ցանկում և ստացել հատկացվող 300.000 դրամի չափով աջակցությունը: Այդպիսով ՀՀ պետական բյուջեից որպես սոցիալական աջակցություն ավել է վճարվել ընդհանուր 47.700.000 դրամ գումար: Հիշյալ գումարի մի մասը քաղաքացիների կողմից կամովին հատուցվել է, իսկ մնացյալների վերաբերյալ հաղորդվել է ՀՀ իրավասու մարմնին՝ անհիմն հարստացած անձանց նկատմամբ գույքային պահանջ ներկայացնելու հարցը քննարկելու համար:

Վերոհիշյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է՝ սոցիալական աջակցության ներկայացված ծրագրի կիրառման ընթացքում ապօրինությունների ու չարաշահումների հերթական դեպքերը վեր հանելու նպատակով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am