1000х90.jpg (78 KB)

«Դիմադրության» շարժումը հերթական հանրահավաքից հետո երթ անցկացրեց Երևանի կենտրոնում

Armenpress 21:43, 17 Մայիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր ուժերը շարունակում են անհնազանդության ակցիաները՝ հայտարարելով, որ իրենց պայքարը տանելու են մինչև վերջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ մայիսի 17-ի երեկոյան տեղի ունեցավ «Դիմադրության» շարժման հերթական հանրահավաքը, որի ընթացքում խոսվեց օրվա ընթացքում իրականացված գործողությունների մասին:
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին հաղորդեց, որ առավոտյան ժամը 8-ից մինչև 11:30-ը շուրջ 60 խումբ ցույցեր ու երթեր է արել Երևանում: Դաշնակցականը այդ համատեքստում քննադատեց ՀՀ ոստիկանության գործողությունները՝ ասելով, որ երեքուկես ժամվա ընթացքում պաշտոնական տվյալներով 414 քաղաքացի բերման ենթարկելն աննախադեպ է իր կարծիքով:
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան նաև տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, պատգամավոր Աննա Գրիգորյանը, 2020 թ. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ ու հարազատներ, Արցախյան պատերազմների վետերան Գեորգի Արիստակեսյանը, որը նախորդ օրը բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից և ավելի ուշ ազատ էր արձակվել՝ համացանցում տարածված տեսանյութերից հայտնի դառնալով որպես «Ժորա պապ»:
Իր ելույթի վերջում Իշխան Սաղաթելյանը առաջարկեց ցուցարարներին երթ անել Բաղրամյան-Պռոշյան փողոցներով, վերադառնալ ու նորից շարունակել հանրահավաքը:
414 քաղաքացիների բերման ենթարկելու լուրն ավելի վաղ «Արմենպրես»-ին հայտնել էին նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am