Մեծերը «ստիպում» են հպարտ լինել Արարատի պես

Armenpress 09:15, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելություններից մեկի ժամանակ Վիլյամ Սարոյանը Սեւանի ափին  մի խոշոր քար է առանձնացնում եւ խնդրում իրեն ընկերացածներին, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:

-Ամերիկա՝ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու,- հարցնում է նրանցից մեկը:

-Ինքնաթիռով պիտի տանիմ…

-Ինչո՞ւ…

-Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

 

Մեծ հայ, հային ու Հայաստանն աշխարհին ներկայացնող հայ, մեր այն մեծերից մեկը, ովքեր հային իրավունք են տալիս գլուխը բարձր պահել, բարձր՝ մեր սրբազան լեռան՝ Արարատի նման:

Այսօր բնիկ բիթլիսեցիներ Արմենակ եւ Թագուհի ամուսինների հանճարեղ զավակի հիշատակի օրն է, նրա, ով ճաշակել էր որբանոցային կյանքի դառնությունները, շատ ուշ իմացել, որ հայրը բանաստեղծել է՝ ոտանավորներ ու պոեմներ է գրել, ինչը եւ օգնելու էր իրեն՝ կողմնորոշվելու իր ապագայի հարցում: Իսկ մինչ այդ՝ փոստատար, սեւագործ բանվոր, սեզոնային մշակ Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում, այնուհետեւ՝ հեռագրատան ծառայող, մարզական ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր Սան Ֆրանցիսկոյում:

Կարծում եմ՝ կարիք չկա հանգամանորեն անդրադառնալու գրական հսկայի այն ժառանգությանը, որով նա դասվել է համաշխարհային ճանաչում ունեցող դասականների շարքին: Ուստի խոսքը տանք իրեն, այսպես ավելի հետաքրքիր կլինի…

«Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս: Եվ, ի վերջո, վռնդեցին դպրոցից…»:

«Ես Կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երեւանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ եւ նույն մարդն եմ…»:

«Այստեղ՝ Երեւանում, ինձ հարցրեցին, թե «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հերոսներն ունե՞ն նախատիպեր: Նախատիպն այստեղ մեկն է՝ ես ինքս: Ես եւ Ջոնին եմ, եւ ՄըքԳրեգորը: Ես տատիկն եմ, ես նպարավաճառի դուստրն եմ: Ես շատ եմ սիրում «Իմ սիրտը լեռներում է» պիեսը: Ես հպարտ եմ, որ այն բեմադրվել է Երեւանում… Որքա՛ն լավ է բեմադրել պիեսը Վարդան Աճեմյանը: Առնո Բաբաջանյանի երաժշտությունը մինչեւ հիմա հնչում է ականջներումս…»:

«Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես, ինչպես ծնողներիդ…»:

«Ես 56 տարեկան էի, երբ ուղեւորվեցի Բիթլիս: Ստամբուլում թուրք լրագրողներն ինձ հարցրեցին՝ ինչ եմ ուզում տեսնել, ուր եմ ուզում գնալ: Ասացի՝ Բիթլիս: Ասացին՝ դժվար է, բայց տեսնենք, գուցեեւ հաջողվի: Հաջողվեց: Ավտոմեքենայով ուղեւորվեցինք Ադաբազար, այնտեղից՝ Սամսուն, Տրապիզոն եւ, ի վերջո, հասանք Վանա լճի մոտ: Այնտեղ ես առաջին անգամ կռունկ տեսա: Գեղեցիկ թռչուն է… Երբ մոտեցանք Բիթլիսին, ես ամբողջովին քրտնեցի: Ուղեկիցներիս հարցրեցի՝ իրենք չե՞ն շոգում: Ասացին՝ ոչ: «Ինչո՞ւ», զարմացա, «ես հո լրիվ քրտնել եմ»: «Մենք Բիթլիսից չենք»,- ժպտացին նրանք, «մենք այլ վայրերից ենք… »:

«Ես հայ եմ արյունով, ամերիկացի՝ միջավայրով: Հայաստանը ես սիրեցի միանգամից: Այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում»:

«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է հայրենիքի հանդեպ կարոտը: Բայց դա հիվանդություն չէ: Ես՝ Ուիլյամ Սարոյանս, Արմենակ եւ Թագուհի Սարոյանների չորրորդ երեխան եմ, եւ իմ արժեքն այն է, որ ես հայ եմ, գրող: Ես չեմ կարող ինքս իմ մասին այլ կերպ մտածել: Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել: Եթե դավաճանեմ, չեմ կարողանա գրել, եւ այն ամենը, ինչ կգրեմ, կլինի կեղծ: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու առաջին իսկ վաստակածս գումարով եկա Հայաստան…»:

«Բա հայկական շարժումները, որ ինչ ասես՝ չեն նշանակում: Ծնկին հարվածն ու բարձրագոչ քրքիջը: Հայհոյելու ձեւը: Աշխարհի ու դրա մեծ-մեծ գաղափարների նուրբ ծաղրը: Հայերեն մի բառ, հայացք, շարժում, ժպիտ, ու դրանց բոլորի միջից՝ վայրկենապես ծնվում է ցեղը, որ հավերժ է ու կրկին զորավոր, թեպետեւ տարիներ են անցել, հայրեր ու եղբայրներ ու որդիներ սպանվել, տեղեր մոռացվել, երազանքներ խաթարվել եւ ապրող սրտերը՝ սեւացել ատելությամբ…»:

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույսաշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից… Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց: Հասկացիր սա: Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել…»:

«Ես գրում էի փոքր տարիքից, թեպետ այն ժամանակ ոչ մեկին չէի խոստովանում, որ ուզում եմ գրող դառնալ: Մերոնք՝ բիթլիսցիները, հատկապես նրանք, ովքեր հիմնավորվել էին Ամերիկայում, գրողներին լուրջ չէին վերաբերվում: Նրանց համար կարեւորն այն էր՝ կարո՞ղ ես փող աշխատել, թե՞ ոչ: Իմ հորեղբայր Արամն ասում էր. «Դու այդ հիմարությունը թող»: Բայց ես չէի լսում…»:

«…Դե կործանեք: Ասենք, թե նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ: Կործանեք Հայաստանը: Տեսեք՝ կստացվի՞: Տնահան արեք, ուղարկեք անապատները, թողեք առանց հաց ու ջրի, հրդեհեք տներն ու եկեղեցիները: Տեսեք՝ նորից չե՞ն ապրի, նորից չե՞ն խնդա: Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով: Դե տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ: Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շան տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում. դե փորձեք կործանել նրանց…»:

Սարոյանական այս հավատամքով ապրենք ու մաքառենք դավադիր այս ժամանակներում, միաբանվենք, զորեղանանք ազգովի, հզորացնենք հայրենիքը, այլապես «շան տղերքի» բորենիական ախորժակը չի ունենա հագեցում…

 

Պատրաստեց Հակոբ ՍՐԱՊՅԱՆԸ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am