Առաջնության մեկնարկին բռնցքամարտիկները կլինեն անթերի մարզավիճակում. Կարեն Աղամալյան  

Armenpress 15:20, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով, ընտրանու անդամներն անթերի պատրաստ կլինեն Եվրոպայի առաջնությանը:

«Մոտ մեկ շաբաթ է մնացել Եվրոպայի առաջնության մեկնարկին: Հավաքականի անդամները նորմալ մարզավիճակում են: Առաջնության մեկնարկին կլինեն անթերի մարզավիճակում: ՀՀ ԿԳՄՍ-ն, Օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան ստեղծել բոլոր պայմաններն առաջնության նախապատրաստության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը: Գլխավոր մարզչի խոսքով` հավաքականի յուրաքանչյուր անդամ մեծ պատասխանատվությամբ է մոտենում Երևանում կայանալիք առաջնությանը:

«Թիմի կեսից ավելին փորձված տղաներ են, բայց ներքին լարվածություն կա: Իսկ ինչ կապված է թիմի առաջատար Հովհաննես Բաչկովի` առաջնությանը մասնակցության վերաբերյալ, ապա վերջնական որոշումը կայացրել է մարզիկն ինքը»,- ասաց նա:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ: Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am