1000х90.jpg (78 KB)

Իշխանության հասնելու դեպքում բանակցելու ենք և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ, բայց մեր օրակարգով. Իշխան Սաղաթելյան

Armenpress 16:01, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությունը իշխանության հասնելու դեպքում պատրաստ է բանակցել և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ, սակայն այդ բանակցություններին գնալու է իր օրակարգով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում իր ասուլիսում:

Սաղաթելյանը նախ ներկայացրեց այն ձեռքբերումները, որոնք փողոցային պայքարի այս 14 օրերին արձանագրել է «Դիմադրության» շարժումը: Ըստ նրա՝ օրինակ, շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցնելու գործընթացը, շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ:

«Շարժումը վերջին 30 տարվա Հայաստանի անկախ պատմության մեջ բացառիկ է իր ծավալներով, իր չափերով, ժողովրդականությամբ: Այն, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժումն է»,-ասաց Սաղաթելյանը՝ կարծիքով հայտնելով, թե այն իր բնույթով և ծավալով նոր համաժողովրդական շարժում է, որը լինելու է անկասելի:

Անդրադառնալով հարցին, թե իրենք իշխանության գալու դեպքում ի՞նչ են բերելու՝ Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենք իշխանությանը հեռացնելու դեպքում կյանքի են կոչելու անգամ այն խոստումները, որոնք գործող իշխանությունը տվել է 2018-ին:

«Առաջին խնդիրը, որ մենք պետք է լուծենք, պետք է  վերջ դնենք այս ատելության, պառակտվածության, թշնամանքի մթնոլորտին: Պետք է համախմբենք ամբողջ հայ ժողովրդի ներուժը: Լուծումները հեշտ չեն լինելու, իրականում մեր երկիրը կանգնած է բարդ և ծանր մարտահրավերների առջև: Մենք որևէ մեկին «կախարդական փայտիկ» չենք խոստանում, ինչպես իրենք էին խոստանում»,-ասաց նա:

Սաղաթելյանի կարծիքով՝ գործող իշխանության կողմից այն պայմանավորվածությունը, որ փորձ է արվում ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղության պայմանագիր չէ։ Սաղաթելյանը նշեց՝ իրենք չեն ասում, թե իշխանությանը հեռացնելուց հետո Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ են հայտարարելու կամ չեն բանակցելու:

«Բանակցելու ենք և Ադրբեջանի հետ, և Թուրքիայի հետ: Բայց այդ բանակցություններին մենք գնալու ենք մեր օրակարգով: Մենք գնալու ենք մեր ժողովրդի և պետության շահերը պաշտպանելու, այլ ոչ թե գնալու ենք գլուխներս կախ տեսնենք, թե ինչ են ասում իրենք»,-ասաց նա:

Անդրադառնալով խոսակցություններին, թե պառակտում կա ընդդիմադիր շարժման միջև՝ նա ասաց, որ շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա:

«Շարժումը քաղաքական, բայց վերկուսակցական շարժում է: Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, քանի որ կուսակցություններն ունեն կազմակերպված ռեսուրս: Բայց պառակտում չկա, ընդհակառակը՝ կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել մեկ կուսակցության, մեկ անհատի շուրջ, մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ»,-ասաց Սաղաթելյանը:

Նա զուգահեռներ անցկացրեց 88-ի շարժման հետ: «Շարժումը շատ նման է 88 թվականի Ղարաբաղյան շարժման՝  և ձևաչափի, և գաղափարախոսության և բնույթի հետ»,-ասաց Սաղաթելյանը՝ վստահություն հայտնելով, որ հաջողությունը մոտ է:

Ընդդիմադիրները մայիսի 14-ին մեծ հանրահավաք և երթ չեն նախատեսում, օրը  հատկացնելու են ծրագրային դրույթների, տարբեր թեմաների վերաբերյալ քննարկումներին: Սաղաթելյանի ասուլիսից հետո Ֆրանսիայի հրապարակում շարունակվելու են քննարկումներ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի, անվտանգության թեմաներով: Կիրակի՝ մայիսի 15-ին ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հրավիրում է մեծ հանրահավաք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am