Նախագահ Վահագն Խաչատուրյանը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահին

Armenpress 19:00, 25 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։Վստահ եմ, որ այս նոր պաշտոնավարման շրջանում կշարունակեք Ձեր նպաստը բերել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու մեր պետությունների միջև ձևավորված 30-ամյա առանձնաշնորհյալ հարաբերությունների խորացմանը։Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր հետևողական ջանքերը՝ ուղղված Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատմանը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am