1000х90.jpg (78 KB)

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով․ Քերոբյան

Armenpress 10:18, 15 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԲԿ»-ին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ։ Ռուսական կողմից առաջխաղացում կա այդ ուղղությամբ», - հավելել է նա։

Վահան Քերոբյանի տեղեկությունների համաձայն՝ վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլիով, բայց համապատասխան փոխարժեքով։ Նրա խոսքով ՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլիով։

«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը ևս հաստատել է տեղեկությունը։

«Իսկապես, «Գազպրոմ»-ի ՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը արդեն մի քանի տարի է, ինչ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլիով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- ասել է Կուպրիյանովը։

Մարտի 23-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ՝ մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am