ՀՀ նախագահը և Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել գործակցության նոր ուղղությունների շուրջ

Armenpress 19:08, 11 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման սկզբում դեսպան Կիշան Դան Դեվալը նախագահ Խաչատուրյանին նվիրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեղինակած «Հնդկաստանի ուղին. ռազմավարություններ անկայուն աշխարհի համար» գիրքը:

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ: Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, փոխադրումների, օդային հաղորդակցության, մշակույթի և զբոսաշրջության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ըստ այդմ՝ ընդգծվել է, որ 30 տարվա միջպետական հարաբերություններից ելնելով՝ պետք է ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հնարավորություններ ստեղծվեն։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am