1000х90.jpg (78 KB)

Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով

Armenpress 17:59, 9 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:

Ծրագիրը կիրականացվի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։

Պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար,

կսուբսիդավորվի կամ փոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը,

մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքը կիրականացվի մարտի 17-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։

Մատակարարները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 11-ը ներառյալ դիմում են նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։

Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 21-ը ներառյալ դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակներն՝ ըստ տեսակների»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր պետք է ձեռք բերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ 

Համայնքի ղեկավարի կողմից նախարարությանը ներկայացվող վաճառված պարարտանյութերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշվում է, որ ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն և Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am