1000х90.jpg (78 KB)

Նրա երգերն իր անունը դեռ երկար պիտի փողհարեն

Armenpress 09:15, 8 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

Ահա եւ չկամ:

Իմ փոխարեն

Մնացին երգերն իմ թերահատ,

Եվ հիմա պիտի լոկ երգերն այդ

Մոռացվող անունն իմ փողհարեն…

 

Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ

 

Ժամանակին, երբ մեր ապրած միջավայրն ավելի արեւոտ էր դառնում շռայլորեն առատ մեր մեծերի ներկայությամբ՝ ստեղծագործող շատ սկսնակներ էին արժանանում նրանց գորովալից վերաբերմունքին, թեւավորվում ասված ոգեւորիչ թեկուզ մեն մի խոսքով: Իսկ ակնհայտորեն օժտվածներին դրվատում, գնահատում էին մեծավարի՝ հավատալով, որ մի օր ճառագելու է նաեւ նրանց աստղը:  Նրանց ողջության օրոք էր գրական աշխարհ մուտք գործելու տաղանդավոր բանաստեղծ, թարգմանիչ  Հրաչյա Սարուխանը՝ արժանանալով Հովհաննես Շիրազի, Գեւորգ Էմինի, Վահագն Դավթյանի, այլ երեւելիների անսեթեւեթ գնահատանքին:

Այսօր վեց տարի առաջ կյանքին հրաժեշտ տված համզաչիմանցի (այժմ՝ Մարգահովիտ) բանաստեղծի հիշատակի օրն է: Սակայն այս հրապարակումով չենք անդրադառնալու նրա ինքնատիպ, խոր ու պատկերավոր, քնարաշունչ ու բազմաշերտ պոեզիային՝ ամփոփված հինգ ժողովածուներում: Խոսքը տալու ենք իրեն՝ տարիներ առաջ պոեզիայի, գրականության շուրջ մտորած, հայրենիքն իր եզակի ճակատագիրն համարած, յուրօրինակ կենսափիլիսոփայությամբ ապրած ու երազանքներ փայփայած մտավորականին.

«Ես ընդհանրապես ոչ միայն մեր իրականության, այլեւ հայ մարդու կերպարի ու էության մեջ փոփոխություններ կցանկանայի անել: Ես ծնվել եմ Հայաստանի Համզաչիման գյուղում. գյուղը, քաղաքը, ավանը լավ գիտեմ, որովհետեւ չկա մի շրջան, որտեղ ընկեր կամ բարեկամ չունենամ: Կուզենայի, որ ամեն մի հայ մտածեր, որ էն հեռավոր մի մարզի մյուս հայը իր հոգեւոր ընտանիքի անդամն է: Ամեն հայ եթե այդպես մտածի, լավ կլինի, ամեն ինչ միայն իր գերդաստանով չի պարփակվում՝ իր ուղեղի ու սրտի մեջ: Պիտի ինքն իրեն վեհացնի հայը, շռայլ, պայծառ մարդ դառնա, կուտակելու մարմաջով չապրի, գռփելու, լափելու. չգիտես՝ ինչի համար էդ չտեսությունը, աչքածակությունը կա… Բոլոր այն մարդկանց, ովքեր հայի պես չեն ապրում, ես ավելին եմ ատում, քան թուրքին կատեի: Անտանելի բան է, ինձ համար մեծ դարդ է էսօրվա հայի կերպարը: Ես ասում եմ՝ հայը ոչ միայն ազգ է, այլ նաեւ կոչում… Եթե որեւէ մեկն այն ունի, պիտի դա իսկապես բարձր պահի, այն աստիճանի, ինչպես այն հայերը, որոնց անունները մենք սիրում ենք հաճախ թվել՝ Նժդեհ, Անդրանիկ եւ այլն, որոնց ասույթներն անընդհատ ասում են, կրկնում, բայց այնպիսի մարդիկ, որոնք մի բջիջով անգամ Նժդեհին չեն գցել, ոչնչով չեն ուզում նմանվել…

Ես կողքի քաշված չեմ հայոց վիճակից, իմ կարծիքն ու համոզմունքներն արտահայտել եմ, բայց պոետիկ ձեւով՝ բանաստեղծության միջոցով: Ես հավատում եմ, որ կա մթնոլորտային ինչ-որ մի բան, որտեղ աղբ ու աղտ է հավաքվում, էդ երկրի գլխին շատ վատ բաներ են գալիս, չի կարելի անընդհատ մթնոլորտն աղտոտել: Եթե մի բան ասում ես, պիտի նաեւ թելադրես, չես կարող ասել ու կողքի կանգնել: Արժեցող-չարժեցող կանգնում, դիսպուտներ են անում, չգիտես ինչեր են խոսում: Գիտես, որ կյանքում հանգավոր չորս տող չի գրել ու ոչ էլ կգրի, ու կանչում են, լուրջ-լուրջ հարցեր տալիս. էդ պարապ վախտի խաղալիքները հիմա մեզ օգտակար չեն…

…Մի հարց, որ կարելի է լուծել կես ժամում, մարդուն ամիսներով դես ու դեն են ուղարկում: Էդ չինովնիկությունը, էդ մեծամտությունը, ոչ եղբայրական պահվածքը զզվացնում են մարդուն, մղում արտագաղթի: Մտածում են՝ եթե նորից նմանները պիտի կառավարեն, ինչ պիտի անեն իրենց երեխաները, թոռները: Սակայն տեսակներ կան, որ եթե ոսկու մեջ էլ լողացնեն, դուրս չի գնա, ինքն իր նվազ, թեթեւ չափով կապրի, մեծ՝ իր մեջ, քան դրսում. «Ավելի լավ է էստեղ մատաղացու լինել, քան դրսում՝ եսիր…»:

…Բանաստեղծը պիտի իր գրելիքն ապրած լինի, թեկուզ գրելիս ապրի: Բանաստեղծը, ուզի թե ոչ, միշտ իր բանաստեղծությունների մեջ քաղաքական երանգներ կան, հասարակական հնչեղություն: Գրականության այսօրվա պահանջը չի փոխվել՝ դա բարձր գրականությունն է, զուտ, մաքուր գրականությունը, այլ ոչ թե շարաբանությունը…

Միշտ էլ եղել են տարբեր ընթերցողներ: Ամենավատթար ընթերցողը նա է, ով սիրում է գռեհիկ արտահայտություններով ստեղծագործություններ կամ զվարճալի ճռճռան բաներ: Լավագույն, բարձր մակարդակով ընթերցողը միշտ եղել է եւ այսօր էլ կա: Դասական, կարգին գրականությունը, նաեւ ժամանակակից իմաստով, ունի ընթերցողներ, ովքեր միշտ սպասում են լավ ստեղծագործողների».

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ

Եվ իմ եզակի ճակատագիրը,

Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,

Իմ հիշատակաց միակ երկիրը…

 

Այդ լավ ստեղծագործողներից լավերի մեջ էր Հրաչյա Սարուխանը՝ իր հիշատակաց միակ երկրի հայրենաշունչ, ընտիր բանաստեղծներից մեկը, որի երգերն իր անունը դեռ երկար ու երկար պիտի փողհարեն…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am