Բժիշկներն ԱՍՀՆ նախաձեռնությամբ հանդիպել են SOCIEUX+ ծրագրով Հայաստանում գտնվող միջազգային փորձագետների հետ

Armenpress 20:45, 31 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի» շրջանակում հունվարի 30-ին կազմակերպել է բժիշկների և հարբժիշկների հանդիպումը SOCIEUX+ ծրագրով Հայաստանում գտնվող միջազգային փորձագետներ Ստատիս Տրիանտաֆիլուի և Լորան Մերիադի հետ։  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Հանդիպման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել ՖՄԴ հաշմանդամության գնահատման կենտրոնի նպատակին ու գործունեությանը, գնահատման իրականացմանն անհրաժեշտ գործիքակազմին և անձի ֆունկցիոնալության գնահատման համար պահանջվող արձանագրություններին վերաբերող մի շարք մանրամասներ։ Վերջիններիս անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվել նաև կենտրոնի ինդիկատիվ սարքավորումների, ֆունկցիոնալ գնահատման ինդիկատիվ դրույթների, ինչպես նաև ՖՄԴ գնահատման նորարարական մի շարք ասպեկտների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դասընթացին ներկա է գտնվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության ճշգրիտ գնահատման և այս գործում որակյալ մասնագետների ներգրավման կարևորությունը՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս բարդ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով։

Նշվում է, որ, Տաթևիկ Ստեփանյանի խոսքով, սա հնարավորություն կտա հետևել 100-ից ավելի երկրների օրինակին, որոնք վերոնշյալ գործընթացը կազմակերպում են առավել արդյունավետ եղանակով։ Նա շեշտել է, որ պետք է անցնել միասնական թեստերի ձեռքբերման, վալիդացման ու գնահատման համակարգի՝ ունենալով նաև միջազգային չափորոշիչներից բխող պայմաններ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am