Ճամբարակ համայնքում սոցիալական աջակցություն տրամադրվեց 35 անապահով ընտանիքի

Armenpress 16:12, 27 Հունվար, 2022

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանում Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների  դեսպանության եւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում, ինչպես նաեւ էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ սոցիալական աջակցություն տրամադրվեց Ճամբարակ խոշորացված համայնքի 35 անապահով ընտանիքի։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ սոցիալական աջակցության կտրոնները շահառուներին հանձնեց ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ամնա ալ Հոսանին։ Աջակցության տրամադրման նպատակով հրավիրված հանդիպմանը մասնակցեցին Ճամբարակ Համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սեւակ Դվոյանը։ ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի ներկայացմամբ՝ իրենց կողմից իրականացվող  «Ձմեռակացի բարեգործական ծրագրի» շրջանակներում Գեղարքունիքի մարզի անապահով ընտանիքներին տրամադրվում է  աջակցություն ջեռուցման, մասնավորապես էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը հոգալու համար, իսկ երեք եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվում են  կտրոններ՝ երեխաների համար ձմեռային հագուստ եւ կոշիկ ձեռք բերելու նպատակով։

«Այսօր մենք օգնություն ենք տրամադրել սոցիալապես անապահով 35 ընտանիքի, որտեղ շահառու են հանդիսանում  111 երեխա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում նման կարգի  աջակցություն կտրամադրվի նաեւ Վարդենիս համայնքում, որտեղ շահառուներ են հանդիսանում  101 երեխա։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում այս ծրագրից օգտվում են մոտ 1300 ընտանիք։ Այն կլինի շարունակական, բայց հնարավոր է, որ ընթանա այլ ձեւաչափով։ Մենք համագործակցում ենք  ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքապետարանների հետ, որպեսզի աջակցության հասցեատերերը  չլինեն անապահով այն ընտանիքները, որոնք, որպես սահմանամերձ համայնքներում բնակվողներ, փոխհատուցում ստանում են պետությունից։ Մեր շնորհակալությունն ենք ուզում հայտնել արդյունավետ  համագործակցության համար»,-նշեց ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը։

«Մեր կողմից ընտրվել են ծայրահեղ աղքատ եւ բազմազավակ ընտանիքները, ովքեր, իրոք, ունեին այդ աջակցության կարիքը։ Շնորհակալ ենք ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին եւ ու էմիրաթական Կարմիր մահիկ ընկերությանը՝ մեր բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար»,-նշեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am