«Ալաշկերտ»-ին է միացել հարձակողական ոճի կիսապաշտպան Մանվել Ահարոնյանը  

Armenpress 10:28, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը կազմում համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հարձակողական ոճի կիսապաշտպան Մանվել Ահարոնյանը միացել է «Ալաշկերտ»-ին:

24-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է Ռուսաստանում՝ հանդես գալով «ԲՄԱ-Խաբարովսկ», «Չեռնոմորեց», «Սմենա» և «Լուկի-Էներգիա» թիմերում: Այս վերջին թիմում ընթացիկ մրցաշրջանում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս է անցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն  6-րդն է (16 միավոր): Մրցաշարային աղյուսակի հետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am