Մարզպետարանում ամփոփել են նախորդ գյուղատնտեսական տարվա արդյունքները

Armenpress 10:11, 27 Հունվար, 2022

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում ամփոփվել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, նախորդ տարում   հետեւողական աշխատանքներ են տարվել համայնքներում՝  անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի միջոցառումները  ժամանակին  եւ պատշաճ   կատարելու  համար:

Հանրապետությունում գործող կարգի համաձայն՝ անասնաբուժական սպասարկման միջոցառումներ են իրականացվել 6 հիվանդությունների նկատմամբ, ինչպես նաեւ իրականացվել են սահմանված  ախտորոշիչ հետազոտություններ: Միջոցառումների իրականացման համար ներդրվել է 198 միլիոն  դրամ:

Մեթոդական եւ խորհրդատվական  աշխատանքներ են տարվել  մարզի ազգաբնակչության հետ  ՀՀ  կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող սուբսիդավորված վարկերի տրամադրման ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում շահառուներին տրամադրվել է 2 124 միավոր վարկ՝ շուրջ 3.8 միլիարդ ՀՀ դրամի չափով:

«Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում մարզի 12 սպառողական կոոպերատիվներ ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա եւ գյուղգործիքներ։ Վեց համայնքների սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 21 միավոր գյուղտեխնիկա` 287.6 միլիոն դրամ արժողությամբ եւ 150 միլիոն դրամի գյուղգործիքներ: Մարզի 6 բնակավայրերում իրականացվել է ջրագծերի, փարախների, ջրհավաք ավազանների եւ անասնապահի տնակի կառուցում՝ 232 միլիոն դրամ արժողությամբ:

Ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի  շրջանակներում մարզում հաստատվել է 19 լիզինգային հայտ՝ շուրջ 150.4 միլիոն դրամի չափով: Ձեռք է բերվել 32 միավոր գյուղտեխնիկա, որից 14-ը՝ տրակտոր:

2021 թվականին  «Գեղարքունիք» ՋՕԸ- ի կողմից  հողօգտագործողներին տրվել է 8 միլիոն 137 հազար մետր խորանարդ ջուր, տրված ջրի դիմաց հասույթը կազմել է՝  89 միլիոն 507 հազար դրամ:

2021 թվականի աշնանը Գեղարքունիքի մարզին հատկացված մկնանման կրծողների դեմ պայքարի համար 615.52 լիտր «Բրոմադիալոն» տեսակի մկնասպան թունանյութերը մարզպետարանի կողմից ստացվել եւ բաշխվել է մարզի թվով 52 բնակավայրերի՝ 7 694 հեկտար տարածքում միջոցառումներ իրականացնելու համար:  Մարզի 57 համայնքներում 34 000 հեկտարի վրա իրականացվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդություններով եւ վնասատուներով վարակվածության աստիճանի ուսումնասիրություն:

2021 թվականին մարզի 81448 հա վարելահողերից ցանվել է  40445 հեկտար, որը կազմում է մարզի ընդհանուր վարելահողերի հիսուն տոկոսը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am