Թրամփն իրեն անվանել է ԱՄՆ հաջորդ նախագահ

Armenpress 21:47, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը Բայդենին հաջորդող նախագահն է լինելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է New York Post-ը:

Մասնավորապես, հունվարի 26-ի առավոտյան տարածվել է Թրամփի գոլֆ խաղալու տեսանյութը, որտեղ նրա խաղընկերներից մեկն ասում է. «Հիմա ԱՄՆ 45-րդ նախագահի հերթն է»: Ի պատասխան սրա՝ Թրամփը նշում է. «45-րդ և 47-րդ»:

Հայտնի չէ, թե երբ է տեղի ունեցել ձայնագրությունը և արդյոք այն արվել է հրապարակման համար, թե ոչ: Թրամփի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել նրա խոսքերը:

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Սպիտակ տուն վերադառնալու ցանկության մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am