Վարդենիսի ոստիկանները դեպքի վայրում բռնել են Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը գողացողներին

Armenpress 21:36, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Վարդենիսում, Սոթք և Ակունք գյուղերում բնակվող մի խումբ տղամարդկանց, որոնք սկսել էին գողանալ Սոթք-Հաթերք օդային էլեկտրահաղորդման գծի հոսանքալարերը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հունվարի 19-ի գիշերը ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ մի խումբ անձինք գողանում են Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը։ Նրանք արագ արձագանքեցին ու տղամարդկանց բռնեցին հենց գողության պահին։ Վարդենիսում, Սոթք և Ակունք գյուղերում բնակվող տղամարդիկ բերման ենթարկվեցին բաժին։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին կացին ու հոսանքալարի փաթույթներ, որոնք առգրավվեցին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածները անցյալ տարի էլ էին հոսանքալարեր գողացել։

Նշվում է, որ դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am