1000х90.jpg (78 KB)

Մարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքները անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին

Armenpress 22:44, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետամուտ է լինելու Մարտի 1-ի գործով իրեն արդարացնելու գործընթաց սկսել։

«Իրականում Մարտի 1-ի գործով արձանագրումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արել է Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Բարեղամյանի գործերով։ Երբ Արամ Բարեղամյանի և մյուսների գործով ՄԻԵԴ-ի որոշումները եղավ, այդ ժամանակ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք տարավ, ինչը հիմք հանդիսացավ Մարտի 1-ի գործով նշված անձանց արդարացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռին։

Փաշինյանը նշեց, որ այն ժամանակվա իշխանությունը և այսօրվա ընդդիմությունը իրեն մեղադրում է բռնություններ հրահրելու մեջ, նաև սպանությունների պատասխանատվությունն էին իրեն վերագրում։

«Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ ՄԻԵԴ-ը այդ բոլոր կետերին հստակ անդրադարձել է, արձանագրելով, որ բոլոր ելույթները, որ ես ունեցել եմ այդ ժամանակահատվածում, դրանք տեղավորվում են քաղաքական պայքարի և քաղաքական կյանքի տրամաբանության մեջ, նախկին կառավարությունը որևէ ձևով չի հիմնավորել, որ իմ գործողությունների մեջ եղել են ապօրինի դրսևորումներ։ Մարտի 1-ի գործով, այո, որոշումներ էլի կլինեն, բայց իրավական հետևանքներ արդեն կան, որովհետև Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը արդեն իսկ արդարացվել են։ Ես նույնպես հետևողական եմ լինելու, որպեսզի իմ գործով դիմեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այն բոլոր քաղաքական շահարկումները, որ եղել են և վարչապետ դառնալուց առաջ և հետո, ՄԻԵԴ-ը անդրադարձել է, արձանագրելով, որ, այո, իր նկատմամբ հետապնդումները եղել են քաղաքական, որ ինքն եղել է քաղաքական բանտարկյալ։

«Այն մեղադրանքները, որոնք մեղսագրված են եղել ինձ, հիմնավորված և ապացուցված չեն եղել։ Իսկ սա նշանակում է, որ այդ մեղադրանքները անհիմն են»,- եզրափակեց Փաշինյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 18-ին հրապարակել էր «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ ճանաչելով Հայաստանի իշխանությունների կողմից 2008-ի հետընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am