ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու. Նիկոլ Փաշինյան

Armenpress 22:01, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան մարտունակ բանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այն ոչ թե լինելու ագրեսիվ քաղաքականության, այլ Հայաստանի, տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգի արտահայտիչ:

«Հայաստանն արձանագրում է, որ ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու, այլ խնդիր է դրվելու պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: Արձանագրեմ նաև, որ մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա: Շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ կարողանանք  թեթևացնել, այլ ոչ թե ծանրացնել Հայաստանի բանակի և ՀՀ զինված ուժերի դերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունը ծրագրում հստակ արձանագրել է, թե ինչ նպատակ ու խնդիր է դրել ու դնելու բարեփոխվող բանակի առաջ: Հայաստանը պետք  է ունենա պրոֆեսիոնալ բանակ: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ պետք է հասնել դրան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am