Նիկոլ Փաշինյանը բացառում է ԼՂ բանակցություններին առնչվող և օբյեկտիվորեն գոյություն ունեցող որևէ փաստի չտիրապետելը

Armenpress 21:37, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիային: Նա բացառում է օբյեկտիվորեն գոյություն ունեցող որևէ փաստի չտիրապետելու հանգամանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր գաղտնիքներ բացահայտել բանակցային գործընթացի մասին, որոնք հերքում են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:

«Այն ամբողջ ինֆորմացիան, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, տիրապետում եմ նաև ես: Այդ ամբողջ ինֆորմացիան իմ սեղանին դրված է 2018 թվականից: Եթե խոսքը ինստիտուցիոնալ բանակցությունների մասին է, ապա բացառում եմ, որ կարող է լինել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի փաստ, որին ես այսօր չեմ տիրապետում կամ 2018 թվականին չեմ տիրապետել: Ամբողջ տեղեկատվությունը գտնվում է մեր կառավարության տիրապետության ներքո: Թող հրապարակեն, կներեք, մեկ տարուց ավելի է փաստեր են հրապարակում…և՞»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am