Պարեկները հունվարի 17-ից 24-ը Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում

Armenpress 21:23, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները և հունվարի 17-ից 24-ը իրականացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 237 տրանսպորտային միջոց։ «Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ 89 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 52-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 71-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 223-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Պարեկները հայտնաբերել են 4 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 30 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է, որ հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am