Արթուր Դավթյանը դեկան նշանակվելու կամ նմանատիպ զրույց որևէ մեկի հետ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

Armenpress 12:20, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է մամուլում տարածված տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին առաջարկել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, և այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք:

«Դեկան նշանակվելու կամ նմանատիպ որևէ զրույց ՀՀ գլխավոր դատախազը որևէ մեկի հետ չի ունեցել. գրված բամբասանքին նման մտավարժանքներով արժանահավատություն հաղորդելու փորձերը պրիմիտիվ են»,- գրել է Աբրահամյանը:

Անդրադառնալով տարածվող տեղեկատվությունը, թե գլխավոր դատախազը դիմել է ՌԴ-ին քաղաքացիության հարցով՝ Աբրահամյանը գրել է, որ արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք չկա՝ հիշեցնելով, որ նման տեղեկատվություն տարածվել էր նաև 2021 թվականի նոյեմբերին, որը հերքվել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am