1000х90.jpg (78 KB)

Արման Թաթոյանն արձանագրում է ոչ պատշաճ վերաբերմունք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ

Armenpress 14:37, 22 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հոգեբուժարաններում արձանագրել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք, անուշադրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին ասաց ասուլիսում՝ ներկայացնելով  հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ զեկույցը:

«2018 թվականին ես  հրապարակել էի հատուկ արտահերթ զեկույց ՝ այս ոլորտում տարիներով կուտակված լուրջ խնդիրների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Այսօրվա զեկույցը նպատակ ունի ցույց տալու թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այդ հիմնարկներում այս տարիների ընթացքում: Ցավոք, գործնականում վիճակը նույնն է, ինչ և զեկույցում օբյեկտիվ ներկայացված է. ոչ պատշաճ վերաբերմունք, անուշադրություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ»,- ասաց նա:

Արման Թաթոյանը նշեց,  որ ընդհանուր առմամբ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցումներ չեն ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտան վեր հանված խնդիրները կարգավորել  միասնական քաղաքականության շրջանակներում: Գլխավոր խնդիր է շարունակում մնալ այն, որ Հայաստանում հոգեկան առողջությունը կենտրոնացված է  հիվանդանոցային հաստատություններում  և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ : Նա հատուկ շեշտեց,  որ զեկույցում ուսումնասիրությունները իրականացվել են  մի շարք մասնագետների կողմից և հիմնված է բացառապես մասնագիտական սկզբունքների վրա:

Նա շեշտեց, որ հոգեկան առողջության  խնդիրներ ունեցող անձինք հիմնականում ստանալով երկարաժամկետ ստացիոնար բուժում, գտնվում են հոգեբուժարաններում և այդ կերպ մեկուսանում են ընտանիքներից, շրջապատից և հասարակությունից: «Հոգեկան առողջության  խնդիրներ ունեցող անձանց օգնությունը իրականում չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաններով: Մարդկանց պետք է հասանելի լինեն այլընտրանքային իրական բոլոր  ծառայությունները»,- հավելեց ՄԻՊ-ը:

Արման թաթոյանը նշեց, որ հոգեբուժական հաստատություններում չկան սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ, շատ վատ վիճակում են գտնվում խոհանոցները, սանհանգույցը, զուգարաններն ու սենյակների կահավորումը:  ՄԻՊ-ը նաև շատ կարևոր համարեց նաև կամավոր և հարկադիր բուժման հետ կապված խնդիրները:

«Չնայած մեր առաջարկների հիման վրա 2020 թվականի հոկտեմբերին ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ՝ կապված այս հարցերի  հետ, բայց դարձյալ գործնականում խախտումները շարունակվում են: Օրինակ, Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պարզեցինք, որ այնտեղ պահվել է  402 անձ, և նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է  կիրառված եղել այլ բժշկական հարկադրանքի միջոց, մնացած հիվանդների փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք գտնվում են սեփական  կամքով և ստանում են հոժարակամ բուժում, սակայն մեր հանդիպումները բուժվողների հետ ցույց են տվել բոլորովին հակառակը, մարդիկ  նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ»,-ասաց Թաթոյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am