Անուշ Բեղլոյանը Բուլղարիայի դեսպանի հետ խոսել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈՒ-ի ներխուժման մասին

Armenpress 20:39, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հունվարի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին` Անուշ Բեղլոյանը հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը: Պատգամավորը խոսել է միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Բարեկամական խմբի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում առկա հետպատերազմյան իրավիճակը եւ մասնավորապես սահմանային իրադրությունը: Անուշ Բեղլոյանը խոսել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման անթույլատրելիության մասին, այս հարցում կարեւորել միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքն ու գործուն քայլերը:

Բուլղարիայի դեսպանը նշել է, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, եւ կիսում են իրավիճակի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը:

Կալին Վասիլեւ Անաստասովը խոսել է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների եւ մշակութային ընդհանրությունների մասին: Դեսպանը երկկողմ կապերի ամրապնդման գործում կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը: Հյուրի խոսքով` համայնքն ակտիվ մասնակցություն ունի երկրի քաղաքական- հասարակական կյանքում:

Համաձայնելով, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված մեծ ներուժ, կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկելու նաեւ այդ ուղղությամբ:

Նշվել է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում կարեւոր է երկրների համագործակցության ակտիվացումը` տարածաշրջանում տրանսպորտային եւ այլ տնտեսական համագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am