Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա բանակցություններ վարելու

Armenpress 12:16, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Sabah-ը:

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Քալինը։

«Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Փաստորեն, նա երկուսին էլ հրավիրել է Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել խնդիրներն ու տարաձայնությունները»,- նրա խոսքերն է մեջբերում Sabah-ը։

Բացի այդ, Քալինն ասել է, որ Էրդողանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցությունների նպատակով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ երեկ մեկնաբանել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիայի սցենարն իրականությունից հեռու է համարել:

«Մոսկվայում նման քայլի գնալու համար նրանք պետք է վերլուծեն իրավիճակը աշխարհում և երկրի ներսում»,-նշել էր Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ մտադիր է Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով ընդամենը մեկ օր առաջ Կիևում է եղել:

«Անշուշտ, կարևոր է քննարկել այդ հարցերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Որովհետև այս շրջաններն այլեւս չեն կարող կրել նոր պատերազմի բեռը։ Սա սխալ կլինի: Եկել է պատերազմի սցենարը քաղաքական օրակարգից ամբողջությամբ հանելու ժամանակը»,- ասել էր Էրդողանը։  

Էրդողանը նաև հավելել էր, որ Ղրիմի վերաբերյալ իրենց դիրքորոշումը մշտապես հայտնում են ՌԴ-ին:

«Պուտինի հետ ամեն խոսակցության ժամանակ ես հայտարարում եմ, որ Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացմանը։ Նույն դիրքորոշումը ռուսական կողմի ուշադրությանն է ներկայացնում Թուրքիայի ԱԳՆ-ն։ Այսինքն՝ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է»,- ասել էր Էրդողանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am