Գնել Սանոսյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին

Armenpress 22:49, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) «Դուբայ Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 18-ի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Գնել Սանոսյանի գործուղումը նախատեսված է հունվարի 19-21-ը: Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի ԱՄԷ գործուղման արդյունքների մասին վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

2021 թ. հոկտեմբերի 1-ին Էմիրություններում մեկնարկած «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին իր տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Հայաստանի օրը Դուբայի էքսպոյում նախատեսված է 2022 թ. հունվարի 30-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am