1000х90.jpg (78 KB)

Առհասարակ, դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան

Armenpress 14:58, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-թուրքական սահմանի բացումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտարկել ընդհանուր փաթեթի մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք, առհասարակ, դեմ չենք այդ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով և ինչի՞ հաշվին։ Գտնում ենք, որ այս իշխանությունները ի վիճակի չեն ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Եթե իրենք ասում են, որ նախկինում ևս բանակցություններ եղել են Թուրքիայի հետ, ապա նախկինում նաև բանակցություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց զիջումներ և կորուստներ չենք ունեցել։ Թուրքիան նույն Թուրքիան է, Բայց Հայաստանը նույն Հայաստանը չի պատերազմից հետո, հետևաբար, նրանք երկիրը տանում են մի շատ վտանգավոր ցիկլ։ Եթե առաջինի դեպքում իշխանությունների բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի տարածքների մեծ կորուստ, այս պարագայում Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,- ասաց Սաղաթելյանը։

ԱԺ նախագահի տեղակալն ասաց, որ ՀՅԴ-ն, անկախ նրանից՝ եղել է իշխանություն, թե ընդդիմություն, իր հարցերի և տեսակետների մեջ երբեք փոփոխություն չի ունեցել։

«Մենք ըմբռնումով ենք մոտեցել Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ բանակցություններ վարելու իմաստով։ Մենք նախապայման չենք դրել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, որից հետո նոր տեղի ունենա բանակցությունները, բայց որևէ զիջում, որևէ նախապայմանի բավարարում մեր կողմից անհանդուրժելի է, և կապ չունի՝ որ իշխանության օրոք կլինի»,- ասաց Սաղաթելյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am