Ռուբինյանը և Արշակյանը պատգամավորներին կոչ են անում զերծ մնալ վիրավորական արտահայտություններից

Armenpress 14:51, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը կոչ են անում պատգամավորներին զերծ մնալ մարդկանց պիտակավորելուց և վիրավորական արտահայտություններից։

«Հարգելի գործընկերներ, կարծում եմ բոլորդ կհամաձայնեք, որ այս գումարման Ազգային ժողովում առանց բացառության բոլոր տխրահռչակ միջադեպերը միշտ սկսվում են վիրավորանքից։ Ես կոչ եմ բոլորին զերծ մնալ վիրավորական արտահայտություններից։ Դա դժվար չէ։ Դա շատ  պարզ, մարդկային փոխհարաբերությունների հիմքն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Արշակ Հակոբյանն էլ իր հերթին կոչ արեց զերծ մնալ ավելորդ պիտակավորումներից, արտաքին քաղաքականությանը, անվտանգային, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերվող հարցերում իրենց արտահայտություններում զգույշ լինել և չգնալ անհիմն, սխալ տրամաբանությամբ մարդկանց պիտակավորելու ճանապարհով։

Ավելի վաղ, ՀՀ ազգային ժողովի նիստն ընդմիջվել էր դահլիճում գրանցված միջադեպի պատճառով։

Արշակյանի ելույթի ժամանակ տեղից խոսել էր «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը, սակայն լսելի չէր, թե պատգամավորն ինչ է ասում: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում էր հայտարարել պատգամավորին: Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ էր սկսվել, Ռուբինյանը ոտքի կանգնեց, ապա, քանի որ դահլիճում տարբեր պատգամավորները շարունակում էին խոսել, նա հայտարարեց ընդմիջում:

Ընդմիջում հայտարարելուց հետո էլ անգամ պատգամավորները նիստերի դահլիճից չէին հեռացել, նրանք շարունակում էին կանգնած խոսել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am