1000х90.jpg (78 KB)

Պետք է մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորենք, որ սերունդներին թշնամանք չհանձնենք. Սուքիասյան

Armenpress 13:06, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում սահմանից 200 կմ հեռավորությամբ բնակվող թուրքերն օգտվելու են Հայաստանի ծառայություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուքիասյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իմ կարծիքով՝ մեր սահմանից այն կողմ՝ Կարսի և մնացած տարածքներում, մինչև 200 կմ, այդտեղի բնակչությունը շատ օգտվելու է ՀՀ ծառայություններից: Եվ դրա համար ես ինքս էլ այդպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ արդեն արդիական, ամենաժամանակակից սարքավորումները ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում: Մեր բժիշկները բավականին լավ կրթություն ունեն, և հնարավոր է, որ այդտեղի բնակիչները՝ կապ չունի ազգությամբ թուրք են, թե ոչ, Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից կարող են Երևանից օգտվել: Մենք նույնպես օգտվելու ենք այն ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած»,- ասաց Սուքիասյանը՝ շեշտելով, որ դա իր գնահատականն է:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստին՝ նա նշեց, որ հրեաների ցեղասպանություն ևս եղել է, նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են: Դիտարկմանը, որ Գերմանիան ճանաչել է հրեաների ցեղասպանությունը, նա ասաց, որ Հայաստանն էլ այդ ուղղությամբ աշխատում է:

«Ես ուզում եմ այնպես լինի, որ մեր սերունդներն ունենան հզոր երկիր, բարեկեցիկ կյանք: Դրա համար ֆորմուլաներ կան: Մենք պետք է նայենք տարածաշրջանում, գիտակից լինենք, մենք նույնպես օգտվենք, մեր հարևանները՝ նույնպես: Մեր հարևանները պետք է հարգեն մեր իրավունքները, մենք՝ նրանց»,-ասաց պատգամավորը:

Խաչատրյանը կարծում է՝ հնարավոր, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ ունենա հարևանական հարաբերություններ: «Աշխարհի շատ երկրներ, որոնք հարևաններ են, մեկը մյուսի համախառն ներքին արդյունքի մեջ բավականին մեծ ծավալներ են ունենում: Եթե ստացվի այնպես, որ մենք մեր հարևանների հետ ունենանք համախառն ներքին արդյունքի թեկուզ 5-ից բարձր տոկոս, ապա դա շատ զսպող գործիք է, որպեսզի հարաբերությունները ևս լավացնեն»,- ասաց Սուքիասյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ թշնամությունը չպետք է փոխանցել զավակներին, սերունդներին:

«Ունենք այն, ինչ ունենք: Քարտեզով գիտենք, թե որտեղ ենք գտնվում, գիտենք, թե ինչ հարևաններ ունենք: Եվ մենք պետք է մեր հարևանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները, որ մեր սերունդներին թշնամանք չհանձնենք»,- ասաց պատգամավորը:

Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա, նա կարծում է, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի շրջանակում:

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am