Արցախում 2022թ. հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում

Armenpress 11:28, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում, ի թիվս կենսաթոշակների, պետական նպաստների և այլ սոցվճարների չափերի բարձրացման, 2022թ. հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:  Նշվում է, որ մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով միջինը շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը: Պաշտպանության բանակի զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացումը տեղի է ունեցել ամսական 25,000 դրամ հավելավճարի տրամադրման տեսքով:

Իրավական ու տեխնիկական մի շարք ընթացակարգերով պայմանավորված՝ միայն նշված խմբերի անձանց կենսաթոշակները հունվար ամսում վճարվում են 2021թ. չափերով, որպեսզի վճարումների հետ կապված ուշացումներ չլինեն: Փետրվար ամսում կվճարվի բարձրացված չափով, ներառյալ՝ հունվարին չվճարված հատվածը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am