1000х90.jpg (78 KB)

Կգործադրենք աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու ամեն ջանք. վարչապետն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետին

Armenpress 20:26, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին և փոխքաղաքապետեր Արթուր Պապիկյանին ու Դավիթ Առուշանյանին:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել և շնորհավորել է նրանց՝ Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետերի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. «Ուրախ եմ, որ մեր քաղաքական ուժերը կայացրեցին որոշում՝ կենտրոնանալ Գյումրիի խնդիրների լուծման վրա։ Պետք է ասենք, որ վերջին տարիներին Գյումրիում տեղի ունեցած փոփոխությունները սկսել են նկատվել և, իհարկե, կարիք չկա ասելու, որ կառավարության համար սա շատ կարևոր խնդիր է: Հույս ունեմ, որ այս մոդելը, որը հիմա Գյումրիում փորձարկվում է, ի վերջո ցույց կտա իր արդյունավետությունը, որովհետև կարևոր է ցույց տալ, որ ընտրությունները ընտրություններ, սակայն ընտրություններից հետո ձևավորում ենք ընդհանուր օրակարգ՝ հիմնված մեր նախընտրական ծրագրերի վրա և կենտրոնանում այդ օրակարգի իրագործման վրա ու իրագործում: Դրանից, իհարկե, միայն Գյումրիի մեր հայրենակիցները, Շիրակի մարզը կօգտվեն և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը։ Կարող եք արձանագրել, որ ունեք կառավարության աջակցությունը և այնտեղ, որտեղ բանը կհասնի կառավարության աջակցությանը, իհարկե, մենք ամեն ջանք կգործադրենք՝ ի վերջո Գյումրիի աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար։ Կրկին շնորհավորում եմ և ողջունում»:

Ըստ աղբյուրի՝ Գյումրու նորընտիր քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օր առաջ Գյումրու հետ կապված խնդիրները լուծվեն: «Ունենք բազմաթիվ ծրագրեր ՎԶԵԲ-ի, սուբվենցիայի, նաև գործարանների հետ կապված: Մենք համապատասխան հողատարածքներ, ինչու չէ շինություններ կարող ենք  հատկացնել, որի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,- ասել է Վարդգես Սամսոնյանը։ Քաղաքապետը հավելել է, որ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում լուսավորության համար նախատեսված է 6 մլն դոլար: Հունվարի 14-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկել են այդ միջոցները Գյումրիի 58-րդ թաղամասի ընդհանուր բարեկարգմանը, ասֆալտապատմանը և լուսավորությանն ուղղորդելու հնարավորությունը: «Նաև սուբվենցիոն ծրագրերից ազատ միջոցներ կան, որոնք կրկին փորձելու ենք ուղղորդել փողոցաշինության աշխատանքների վրա: ՎԶԵԲ-ի և սուբվենցիոն ծրագրերի պարագայում կունենանք բարեկարգ փողոցներ»,- ասել է քաղաքապետը:   

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն իր հերթին նշել է, որ Գյումրու քաղաքապետարանում սկսելու են աշխատանքների ծրագրավորման, ավտոմատացման բարեփոխումներ: «Այսօր հանդիպում ենք ունեցել Երևանի քաղաքապետարանում: Երևանի փորձը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ համագործակցությունը Երևանի գործընկերների հետ հաջողությամբ ընթանում է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրիում տարբեր ոլորտներում առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am