1000х90.jpg (78 KB)

Շիրակի մարզպետը Գյումրու մի շարք դպրոցներում հետևել է հակահամաճարակային կանոնների պահպանմանը

Armenpress 20:07, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ հունվարի 14-ին այցելել է Գյումրու մի շարք դպրոցներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, կարևորելով դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանի ապահովումն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ Շիրակի մարզպետը հորդորել է ուսուցչական և աշակերտական կազմին լինել առավել զգոն և կրել դիմակներ՝ տարատեսակ սեզոնային վիրուսների տարածումը կանխելու նպատակով։ Մարզպետի կողմից դիտողության են արժանացել որոշ կրթական հաստատություններ, որտեղ դիմակների կրելուն պատշաճ ուշադրություն չի դարձվել։

«Եթե լինենք առավել զգոն ու կկարողանանք երեխաներին ճիշտ բացատրել, որ դիմակներ կրելը և իրենց առողջության համար է լավ, և կնպաստի շնչառական վարակների կանխարգելմանը, ապա կկորաղանանք մեր համատեղ աշխատանքը համարել ստացված։ Այս հարցում մենք կլինենք առավել պահանջկոտ, որովհետև մեր երեխաների առողջությունը շատ կարևոր է»,- նշել է Շիրակի մարզպետը։

Ըստ աղբյուրի՝ մարզպետը հետաքրքրվել է նաև աշակերտների հաճախելիության ցուցանիշներով։ Ընդհանուր առմամբ, մարզում բացակայությունների թիվը չի գերազանցում 8-9 տոկոսը, դրանց հիմնական պատճառը սեզոնային շնչառական հիվանդություններն են։ Պատասխանատուներն իրավիճակը վերահսկելի են համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am