Ոստիկանությունը հանգստյան օրերին բացահայտել է հանցագործության 183 դեպք

Armenpress 16:42, 3 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանգստյան  օրերին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, բացահայտված հանցագործությունների մեծ մասը գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են։

«Մասնավորապես, գողության՝ 45, մարմնական վնասվածք պատճառելու` 36, խարդախության՝ 25, ընտանեկան բռնության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10 դեպք։ Բացի այդ, բացահայտվել են ապօրինի ծառահատման ու խուլիգանության 3-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, որսագողության, ծանր վիրավորանքի, ծեծի, փաստաթուղթ կեղծելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշտանգման՝ 1-ական դեպք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև 2 անհետ կորած ու 11 հետախուզվող։ Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար. 4 մարդ զոհվել է, 106-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am