Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության դադարեցման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Armenpress 23:26, 28 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Հիմնադրամը շարունակում է գործունեություն ծավալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ  մյուս մասը ընթացքում է։ Այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածավալ ծրագրեր՝ ընդհանուր առմամբ շուրջ 70 միլիոն դոլար արժեքով։

Կառուցվում է 1100 բնակարան և առանձնատուն, ընդհանուր առմամբ 50կմ-ից ավել ռազմավարական տարբեր ճանապարհներ, ավարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգվում և կառուցվում են դպրոցներ, իրականացվում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր և այլն։

Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին», - ասաց Արշամյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am