1000х90.jpg (78 KB)

Նոր դրամաշնորհային ծրագրի շնորհիվ կբարելավվի Գարգառ գյուղի դպրոցականների կրթական միջավայրը

Armenpress 18:35, 22 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Գարգառ գյուղում խմելու ջրամատակարարման համակարգի և միջնակարգ դպրոցի վերանորոգման ծրագրի» 96957 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը: 

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրեցին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Նունե Ղազախեցյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադրամի գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը։ 

«Այս ծրագիրը այն կարևոր ծրագրերից է, որի շրջանակներում մենք շարունակաբար տեսնում ենք ջանքերը՝ ուղղված կրթության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Էապես կարևորում ենք այս համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում ավելի որակյալ և բարեկարգ կրթական ոլորտի կառուցմանը»,- նշեց Անդրեասյանը։

Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման ընդգծեց, որ ծրագրի նպատակն է բարելավել Գարգառ գյուղի միջնակարգ դպրոց հաճախող երեխաների կրթական միջավայրը՝ վերանորոգելով դպրոցը: Նա հավելեց, որ ծրագիրը հետագայում կնպաստի գյուղացիների կյանքի որակի բարելավմանը. կվերանորոգվի ջրամատակարարման համակարգը: Արդյունքում ծրագրից կօգտվի դպրոցի 170 աշակերտ և 1492 գյուղացի։

«Լիահույս ենք, որ այս ծրագրի միջոցով կբարելավենք մարդկանց կյանքի որակը և որակյալ կրթական, սոցիալական միջավայր ունենալու հնարավորություններ կունենանք»,- շեշտեց դեսպանը։

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը և Լոռու մարզպետարանին աջակցության և համագործակցության համար։

Նա նշեց, որ սա Ճապոնիայի դեսպանատան հետ նրանց համագործակցության երկրորդ փորձն է։ Նա պատմեց, որ առաջին ծրագիրը իրականացվել է Սիսիանում 2019թ., որը մեծապես աջակցել  է «Ուրբան» հիմնադրամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացվող ծրագրին։ Ճապոնիայի դեսպանությունն աջակցել է Սիսիանի աղբահանության բարելավմանը՝ քաղաքին տրամադրելով շուրջ 100 աղբաման։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը  վստահեցրեց, որ հետագայում ևս կշարունակեն ջանքերը՝  ավելի ընդլայնելով գործակցության շրջանակները։ Նա նախարարության անունից պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ աջակցել  բոլոր ջանքերին և նպաստել, որպեսզի պլանավորված բոլոր ծրագրերը իրականություն դառնան՝  ի նպաստ կրթական համակարգի զարգացմանը։

Ծրագիրն իրականացվելու է Ուրբան հիմնադրամի և Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադրամի հետ համատեղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am