ԵՄ-ի առաջատար երկրները հանդես են գալիս նոր հակառուսական պատժամիջոցների պլանավորման դեմ. Bloomberg

Armenpress 16:11, 15 Դեկտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության մի շարք առաջատար երկրներ հանդես են գալիս Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների պլանավորման դեմ՝ Ուկրաինա նրա իբր հնարավոր «ներխուժման» դեպքում՝ գերադասելով բանակցությունները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների եւ պաշտոնատար անձանց: Գործակալության տվյալներով՝ երկխոսության օգտին հանդես եկող երկրների թվում են Գերմանիան, Իսպանիան, Իտալիան եւ Ֆրանսիան: Գործակալությունը նշում Է, որ Եվրամիության մյուս երկրները պնդում են, թե նոր պատժամիջոցների հրապարակային պաշտպանությունը կօգնի ավելի լավ զսպելու ՌԴ-ին:

Թե հատկապես որ երկրների մասին Է խոսքը, Bloomberg-ը չի պարզաբանում: Վերջին ժամանակներս Արեւմուտքում եւ Ուկրաինայում ավելի ու ավելի հաճախակի են հնչում հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի իբր հնարավոր «ներխուժման» մասին: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անհիմն բորբոքում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում հիմնախնդրի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am