Նունե Սարգսյանը Կատարի ազգային թանգարանի ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ի գիտամշակութային հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները

Armenpress 17:43, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն, այցելել է Կատարի ազգային թանգարան (National Museum of Qatar):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Նունե Սարգսյանին ուղեկցել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանը։

Կատարի ազգային թանգարանի առաքելությունն է ներկայացնել Կատարի և նրա ժողովրդի զարգացման պատմությունն ու ավանդույթները: 11 տարբեր սրահներում նորարարական մոտեցումներով ու տպավորիչ լուծումներով ցուցադրված են Կատարի Պետության և ժողովրդի պատմությունը, մշակույթը, կենցաղն ու ազգային ավանդույթները։

Թանգարանի հավաքածուներում առկա է շուրջ 8000 ցուցանմուշ, այդ թվում՝ հնագիտական արտեֆակտներ, գործվածք, տարազներ, զարդեղեն, դեկորատիվ արվեստի նմուշներ, պատմական փաստաթղթեր: Հատուկ սրահներ են նվիրված երկրի բնաշխարհին ու կենդանական աշխարհին։

Տիկին Սարգսյանը Կատարի թանգարանների գործադիր տնօրեն Ահմադ Մուսա Ալ-Նամլայի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել Կատարի պատմությունն ու զարգացումը ներկայացնող իրերին ու ցուցանմուշներին:

Նշվում է, որ շրջայցից հետո տիկին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը՝ հյուրընկալության, գեղեցիկ ու հետաքրքիր ցուցադրության համար և իր տպավորությունների մասին գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։ Նա թանգարանի ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի գիտամշակութային հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները, կարևորել փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am