Թուրքիայում վերջին շրջանում իրականացվող սոցհարցումները ոչ մի լավ բան չեն խոստանում իշխող ուժերի համար  

Armenpress 16:01, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում վերջին շրջանում իրականացվող սոցհարցումները ցույց են տալիս, որ զգալիորեն անկում է ապրել Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ում ներառված «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP)  կուսակցությունների վարկանիշները: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը: 

«Metropoll Araştırma» կազմակերպության իրականացրած հարցման արդյունքների համաձայն՝ «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP)  կուսակցություններից կազմված իշխող «Ժողովրդական դաշինք»-ի օգտին հանդես է եկել հարցվածների 40,9 տոկոսը, իսկ 37,5 տոկոսը հանդես է եկել «Ազգային դաշինք»-ի մեջ ընդգրկված քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» և «Լավ» կուսակցության օգտին: 

Հարցման համաձայն՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին հանդես է եկել հարցվածների 12,8 տոկոսը: 

Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի կողմնակիցների թիվն անցել է իշխող կուսակցություններից, ինչը հաջորդ ընտրություններում վերարտադրվելու տեսանկյունից մեծ վտանգ է առաջացնում Թուրքիայում կառավարող ուժերի համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am