1000х90.jpg (78 KB)

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը մրցանակով է վերադարձել

Armenpress 12:06, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը երրորդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի շրջանակում կազմակերպված մրցույթում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում (Ուզբեկստան) մասնակցել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը: Ֆորումի աշխատանքներին աջակցել է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Դեռևս անցած տարի ֆորումի մասնագիտական հանձնախումբը հաստատել էր Հայաստանի թատերական գործիչների միության կողմից առաջադրված հայաստանյան թատերախմբի՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի մասնակցությանը։

Դեկտեմբերի 4-ին «Իլխոմ» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը ցուցադրել է Է. Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով։  Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը։ Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցութային ժյուրիի կազմում են եղել արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Մուխաբատ Տուլյախոջաևան (Ուզբեկստան), ՌԴ ժողովրդական արտիստներ Իգոր Յասուլովիչը և Ելենա Յակովլևան, կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Ֆեկլիստովը, ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Զոլոտովիցկին, արվեստագիտության թեկնածու, թատերագետ, թատերաքննադատ Մարիա Խալիզևան։

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին Քիշնևում (Մոլդովա), երկրորդը` 2015 թվականին Մինսկում (Բելառուս), երրորդը՝ 2018 թվականին Հայաստանում (Երևան): Ֆորումի նպատակն է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ) միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումը, ինչը խթան է համընդհանուր երիտասարդական թատերական հարթակ ստեղծելու և սերտ համագործակցության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am